Թուրքիայում այլեւս երբեք հեղաշրջումներ չեն լինի, եւ թուրք ժողովուրդը խստորեն կպատժի խռովությունների կողմնակիցներին: Հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

 

Էրդողանը նշել է, որ թուրքական կառավարությունը երկիրը փրկել է սիրիական եւ եգիպտական իրադարձությունների կրկնվելուց:

 

«Արտասահմանում գտնվող ուժերը, այդ թվում' նաեւ Փենսիլվանիայում գտնվող մարդը (նկատի ունի Ֆեթուլլահ Գյուլենին) թուրքական ընդդիմությունն օգտագործել են սեփական նպատակների համար»,- ասել է Էրդողանը:

 

Թուրք վարչապետը հայտարարել է, որ ապացույցներ կան գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության եւ Գյուլենի շարժման միջեւ կապերի մասին: Էրդողանի խոսքով' արտասահմանյան ուժերը, օգտագործելով Թուրքիայի քաղաքական ուժերը, ցանկանում են խոչընդոտել երկրի տնտեսական զարգացումը:

 

«Չնայած Թուրքիայի դեմ նախաձեռնվող ամբողջ քարոզչությանն ու ջանքերին, Անկարան կվերացնի այդ բոլոր խոչընդոտները»,- ընդգծել է Էրդողանը: Նրա խոսքով' երկրում վերջին իրադարձությունները թանկ են նստել Թուրքիայի վրա:

 

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են «գյուլենական համայնքի» հետեւորդները, ովքեր ցանկանում են տապալել իր կառավարությունը:

 

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ:

 

Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում: Գյուլենը ստիպված է եղել տեղափոխվել ԱՄՆ 1997 թվականին' Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո որպես իսլամական գործչի' իր նկատմամբ սկսված քրեական հետանպդման պատճառով: Վերջին շրջանում թուրքական իշխանությունները առճակատման մեջ են «գյուլենական ուժերի» հետ եւ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուիրքիան վարկաբեկող եւ պառակտող գործունեություն ծավալելու մեջ: