Համացանցում լուրեր են տարածվել Լաթաքիայում նախագահական ընտրությունների արդյունքների մասին, համաձայն որոնց, Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադը ստացել է 1 միլիոն 187 հազար 500 ձայն, Մահեր Ջիազը՝ 228 և Հասան ան Նուրին' 220 ձայն: Ինչպես հաղորդում է «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, քվեաթե րթիկների հաշվարկը դեռ շարունակվում է:

 

Մյուս կողմից' սիրիական բանակը շարունակում է հետապնդել զինյալներին: Կանխվել է զինյալների Հոմսի Ում Շարշուհ գյուղից դեպի Ռուսաթան և Թալբիսա գյուղեր ներթափանցելու փորձը: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել: Բացի այդ, կանխվել է Դուեյ գյուղ մտնելու զինյալների փորձը: Դարաայի Ալ Յարմուք դպրոցի մոտ զինյալները լուրջ կորուստներ են ունեցել: Կանխվել է Ալ Միսրի հրապարակ մտնելու նրանց փորձը:

 

Ավելի վաղ Սիրիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Հիշամ աշ Շաարը նշել է, որ ընտրությունների որևէ նախնական արդյունք չի հաղորդվի, վերջնական արդյունքները կհրապարկվեն 24 ժամից ոչ շուտ:

 

Սիրիայում կեսգիշերին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, և սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 5 ժամով երկարաձգվել էր ընտրությունների ընթացքը: Նախագահական ընտրություններում մրցակցում են նախագահի 3 թեկնածուներ՝ գործող նախագահ Բաշար Հաֆեզ ալ Ասադը, Հալեպից ընտրված պատգամավոր Մահել Աբդ ալ Հաֆեզը և գործարար Հասսան աբդ ալ Իլլահի ան Նուրին: Սիրիայում երկրի նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով: