Հունիսի 6-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն իր թիվ 60-Ա որոշմամբ' Լյուբիկ Չիբուխչյանին ազատել է մարզպետի խորհրդականի պաշտոնից: Որպես որոշման հիմք նշվում է Լ. Չիբուխչյանի անձնական դիմումը:
Ավելի ուշ Չիբուխչյանը զանգահարել է Aravot.am և հայտարարել, որ դիմելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի վերջինս իրեն՝ ընտանյոք հանդերձ, քաղաքական ապաստան տրամադրի:
Լուրեր.com-ի հետ զրույցում Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահ, ԵԿՄ անդամ, արձակագիր և դրամատուրգ Սամվել Բեգլարյանն' անդրադառնալով նրա հայտարարությանը, նշեց.
«Լյուբիկ Չիբուխչյանին Գրողների միության անդամ դառնալու համար բաժանմունքը պետք է տա երաշխավորագիր: Ես Գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահ եմ և ուղիղ հինգ ամիս նրան երաշխավորագիր չեմ գրել, ինչքան էլ ստիպել են տարբեր ատյաններից: Ես գրել եմ, որ եթե մի մարդ տասը երկրի ոսկե մեդալակիր է, ակադեմիկոս է, 175 գրքի հեղինակ, թե 60 տարում ոնց է գրել, Աստված գիտի, դե թող Գրողների միության անդամ էլ լինի, ի՞նչ կա որ, այնտեղ իրենից ավելի վատերն էլ կան:
Գրողների միության անդամ դառնալով հանդերձ' նա անգամ չի գնացել իր տոմսն ստանալու, նա չէր շփվում միության հետ:
Նա գրել է մի գիրք' ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային նվիրված' «Էլնարա», ով երգում է «Ա բլբուլ» երգը: Ես փորձեցի ճշտել, թե այդ ինչ երգչուհի է, որ նրա մասին հայերեն գիրք է գրվել: Ի դեպ, Լյուբիկը հաստափոր գրքեր է գրել նաև Պուտինի, կաթողիկոսի, մեր նախագահի, Ղարաբաղի նախագահի մասին: Մի գիրքն էլ տպագրվում էր 25-30.000 դոլարով, որտեղի՞ց էր նրան այդքան ֆինանսները. դա էլ ինքներդ գուշակեք:
Ինձ հետաքրքիր էր, թե ով է այդ Էլնարան:
Ես պարզեցի, որ այդ երգչուհու «Ա բլբուլ» երգը հակահայկական երգ էր: Այդտեղ ցույց է տալիս, թե ինչպես է սոխակը վանդակի մեջ թռչկոտում, գերյալ է, ըստ երգի՝ այդ սոխակն Արցախն է: Ինչպե՞ս կարելի է գիրք ձոնել մի երգչուհու, ով Լյուբիկին դուր եկած «Ա բլբուլ» տեսահոլովակում զետեղել է վանդակի մեջ սոխակ՝ որպես ադրբեջանցիների համար կորսված Արցախի խորհրդանիշ: Էլնարան իր խոսքում շեշտում է, որ իր երգը նվիրված է Արցախին:
Չիբուխչյանը ցնցվել է այս երգից և գիրք նվիրել: Կարծում եմ' նա հենց այդ գիրքը գրել էր նպատակային, որ հետագայում օգտագործեր, թե իրեն Հայաստանում հալածանքի են ենթարկում, որ ինքը քաղաքական ապաստանի հիմք ունենա: Բայց չստացվեց, որովհետև այդ գրքի համար իրեն ոչ ոք չհալածեց, մենք հո Բաքուն չե՞նք, որ գիրք վառենք կամ մարդ սպանենք:
Այդ գիրքը մեզ մոտ պարզապես հակակրանք առաջացրեց, ուրիշ ոչինչ: Նա դրան չէր սպասում, նա սպասում էր, որ իրեն կհալածեն: Ինքը փորփրում և Ալիևին նամակ գրելու հիմքեր էր փնտրում:
Թշնամի երկրից քաղաքացիություն ուզելը ո՛չ սոցիալական հարց է, ո՛չ աշխատավարձի խնդիր է, ո՛չ էլ նեղացվածության ու վրեժխնդրության հարց է: Դա գենի հարց է: Դավաճանությունն արյան մեջ է լինում, գենի մեջ է լինում:
Աշխատավարձից կտրված մարդը, աշխատանքից ազատված մարդը, իր ղեկավարից վիրավորված մարդը հայրենիքը չի դավաճանում: Դա գենի մեջ է լինում»:
Բեգլարյանի խոսքով' Տավուշի նորանշանակ մարզպետը դեռ չէր էլ հասցրել զբաղվել մարզպետարանի խնդիրներով, բայց Չիբուխչյանը' որպես «Նոստրադամուս», հասկացել էր, որ Աբովյանը չի ցանկանում իր հետ աշխատել, նախապես նամակ էր գրել ՀՀ նախագահին.
«Հովիկ Աբովյանը նոր-նոր դարձել է մարզպետ, եկեղեցի էր բացում, կարծում եմ' մարզպետարանի խնդիրներով դեռ չէր էլ զբաղվել, և արդեն այս մարդը, դե եթե տասը երկրի պատվավոր քաղաքացի է, դարի մարդ է, 60 տարում 175 գիրք է գրել, ո՞նց կարող է Նոստրադամուս չլինել:
Նա գուշակում էր, որ Հովիկ Աբովյանը չէր ուզում իր հետ աշխատել: Հովիկ Աբովյանն ըստ իրեն, քանի՞ գլխանի էր, որ այդ «դարի մարդու» կամքը չկատարեր, բայց դրա համար չեն դիմում թշնամի երկրին' քաղաքացիություն ստանալու համար:
Չեմ կարծում, որ Բաքվում իրենով որևէ մեկը հիացած է: Կարծում եմ' դավաճանը միակ բառն է, որ բոլոր երկրներում նույնը կլինի:
Եթե մեկն իմ դռնից ոսկոր է բերում ձեր դուռը, ձեր դռնից էլ մի փալաս է բերելու մեր դուռը: Թող գնա, ի՞նչ ենք կորցնում որ, Ադրբեջանում իրենց տեսակի մեկն էլ կավելանա, ավելի լավ չէ՞, որ էդ տեսակը գնա:
Դավաճանը մեկ տեսակի է լինում: Եթե անգամ որևէ մեկն Ադրբեջանից կամ Թուրքիայից նման պատրվակով քաղաքացիություն ուզի Հայաստանից, մեկ է, նա էլ ինձ համար դավաճան կլինի»,- եզրափակեց Բեգլարյանը:
Գայանե Համբարձումյան