ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Վարչապետը կարևորել է հարևան Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը: «Իմ նպատակն է հետևողականորեն իրականացնել Իրանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և մշակել նոր ծրագրեր: Վստահ եմ, որ առաջիկայում այս ուղղությամբ ունենալու ենք մեծ ձեռքբերումներ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Դեսպանը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան փոխանցել Իրանի առաջին փոխնախագահի ջերմ ողջույնները: «Ուրախ ենք Ձեր նշանակման կապակցությամբ և վստահ, որ Իրանի ու Հայաստանի միջև հարաբերություննրում նոր զարգացում կարձանագրվի»,- դիմելով վարչապետին՝ նշել է Մոհամմադ Ռեյիսին: Դեսպանի խոսքով՝ Իրանի իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ ու հետագա խորացմամբ:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը և Մոհամմադ Ռեյիսին քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր: