Քիչ առաջ Aravot.am-ի թղթակից Ոսկան Սարգսյանին է զանգահարել Տավուշի մարզպետի արդեն նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը և հայտնել, որ այսօր զանգահարել է Հայաստանում BBC-ի թղթակցին և հայտարարել, որ ինքը ընտանյոք հանդերձ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից քաղաքական ապաստան է հայցում:

 

Հավանաբար այս քայլի պատճառը եղավ այն, որ Հայաստանի իշխանությունները կուլ չգնացին Չիբուխչյանի պարզունակ շանտաժին և չվերականգնեցին իր նախկին պաշտոնում: Տարիներ շարունակ ձոներ նվիրելով Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի նախագահներին՝ Չիբուխչյանը վայելել է նրանց բարեհաճությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Այժմ, երբ սոցիալական տարբեր հարթակները նվազեցրել են պալատական ծաղրածուների դերը և նրանք դադարել են վայելել նախկին հովանավորությունը, նրանք ընտրել են ճիշտ ճանապարհ՝ գնալ այնտեղ, որտեղ իրենց ծառայությունների կարիքը կա: Ադրբեջանում, իհարկե, ազգի հորը նվիրված ջրիկ պոեմների պահանջարկը մեծ է: Նամանավանդ, որ Լյուբիկը հայատյաց ադրբեջանցիներին գրքեր ձոնելու պատկառելի փորձ ունի. գրել է ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային նվիրված «Էլնարա» գիրքը, ով երգում է «Ա բլբուլ» երգը:

 

Երգչուհու «Ա բլբուլ» երգը հակահայկական երգ է: Այդտեղ ցույց է տալիս, թե ինչպես է սոխակը վանդակի մեջ թռչկոտում, գերյալ է. ըստ երգի՝ այդ սոխակն Արցախն է: Էլնարան իր խոսքում շեշտում է, որ իր երգը նվիրված է Արցախին:

 

Չիբուխչյանը ցնցվել է այս երգից և գիրք նվիրել; Ու այդ մարդը երկար տարիներ Տավուշի մարզպետի խորհրդականն էր, վայելում էր իշխանությունների բարեհաճությունը, և հավանաբար չէին համարձակվում նրա խաթրին կպչել, քանի որ Սերժ Սարգսյանին ու Վլադիմիր Պուտինին ներբողներ էր ձոնել:

 

Անձամբ ես բազմիցս իշխանությունների ուշադրությունն եմ հրավիրել այս մարդու գործունեության վրա, հարցապնդումներ արել, թե ինչպես կարող է թշնամուն գովերգող գիրք գրած և հեկտարներով մակուլատուրա արտադրած մարդը մարզպետի խորհրդական աշխատել և օգտվել իշխանությունների հովանավորչությունից: Այն ժամանակ մեր հարցապնդումները անուշադրության էին մատնվում և հանգեցրին նրան, որ իշխանական կերակրատաշտից բթացած այդ բանաստեղծը, չկարողանալով տանել իր անձի անձեռնամխելիության այս խաթարումը, դիմեց ծայրահեղ քայլի: Փաստորեն երկար տարիներ Սերժ Սարգսյանը կերակրեց մի գրչակի, ով հետո Հայաստանի դեմ կեղտոտ քարոզչության դրոշակակիր պետք է դառնար:

 

Ահա այսպես է լինում, երբ իշխանությունները խուլուհամր են լինում և իրենց շարքերը լցնում են աղբով:

 

Չնայած այս ամենի մեջ մխիթարական բան կա: Մեր նախկին իշխանավորներին գործուղելով Ադրբեջան՝ այնպիսի՛ թշնամություն ենք անում այդ ժողովրդին, որ դժվար առաջիկա հարյուրամյակում շտկեն իրենց մեջքը: Միգուցե Լյուբիկի գործուղումը Ադրբեջան տակտիկական քայլ է և դեռ շարունակություն կունենա...

 

Ընդամենը մի քանի հայ պետական չինովնիկ ենք տեղավորում Ադրբեջանի տարբեր մարմիններում, և այդ երկրիը անդառնալի կգլորվի ձորը...

 

Վարուժան Բաբաջանյան