Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Հայաստանի խորհրդարանում ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի պահվածքի համար պատասխանատու են բոլոր պատգամավորները: «Երբ թույլ ենք տալիս, որ ինչ-որ մեկը մտնի մեր խորհրդարան և նման պահվածք դրսևորի, դրանում առաջին հերթին մեղավոր ենք մենք բոլորս: Եթե դու նման լիազորություն ես տալիս ինչ-որ մի «կեղծ» վերլուծաբանի, ապա կգտնվի այն անկիրթ անդաստիարակը, որ կմտնի խորհրդարան ու կփորձի մեզ դաստիարակել: Կիսելյովի պահվածքի համար պատասխանատու են նրանք, ովքեր ժպիտը դեմքներին նստած են եղել այդտեղ և թույլ են տվել, որ նա անարգի մեր երկիրն ու մեր լեզուն»,-ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է նաև այն աժիոտաժը, որն այդ օրը եղել է խորհրդարանում, երբ պատրաստվել են դիմավորել Կիսելյովին: «Երբ ես դուրս էի գալիս ԱԺ նիստից, ինձ զարմացրեց այն աննախադեպ աժիոտաժը, երբ տեսա իմ որոշ պատգամավոր գործընկերներին, ցավոք, նաև լրագրող գործընկերներին, ովքեր սպասում էին Կիսելյովին։ Ինձ թվացել էր մի պահ, որ ԱԺ Դալայ Լաման է մուտք գործելու։ Երբ հարցրի՝ ո՞ւմ եք այսպես սրտատրոփ սպասում, պարզվեց՝ մի վերլուծաբանի, ում քծնանքն առ Պուտին ավելի նողկալի է, քան մենք սովետական քարոզչության ժամանակ տեսնում էինք՝ քծնանք առ Չեռ նենկո, Անդրոպով և Բրեժնև»,- նշեց Զոհրաբյանը։
«Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն, Հայաստանում «Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր, ռուս մեկնաբան Դմիտրի Կիսելյովը Հայաստանի Ազգային ժողովում՝ «Եվրասիական ինտեգրացիայում ոչ կառավարական կազմակերպությունների դերը» խորագրով «Հայ-ռուսական բարեկամության» խորհրդարանական ակումբի 5-րդ նիստում մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ռուսաց լեզվին, եւ դա բխում է Հայաստանի անվտանգությունից: