Հետաքննությունների դաշնային գործակալությունը (FBI) թիրախավորել է Միացյալ Նահանգներում գործող գյուլենական դպրոցները: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, նախորդ շաբաթվա ընթացքում գործակալության աշխատակիցները հարձակումներ են գործել գյուլենական 19 դպրոցի վրա և առգրավել են իրենց ձեռք բերած փաստաթղթերը: Դպրոցներում հետաքննության թույլտվությունը տրվել է ԱՄՆ կրթության նախարարության և կապի դաշնային ծառայության կողմից:

 

Հունիսի 9-ին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խորհրդական Ֆիրուդին Հադի Սինիրիօղլուն եռօրյա այցով մեկնել է ԱՄՆ, որի ընթացքում քննարկվելու է Փենսիլվանիայի նահանգում բնակվող նուրսիստների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին թուրքական կողմին արտահանձնելու հարցը, որը Թուրքիայում անցնում է կառավարության կողմից բարձրացված «զուգահեռ պետություն» քրեական գործով:

 

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք այլ երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: