Ազգային ժողովում կայացել է ՕԵԿ և ՀՀԿ խմբակցությունների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Հանդիպումը շատ կառուցողական էր: ՀՀԿ խմբակցությունում նույնպես համաձայն են, որ մեզ հետ համագործակցեն, նաև' համագործակցենք բոլոր քաղաքական ուժերով, որ պեսզի տեսնենք՝ ինչպիսի խնդիրներ կան ընտրական օրենսգրքում' սկսած ամենակարևորից՝ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուց»,- նշեց Բիշարյանը:

 

Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն հայտնել է այդ հարցի շուրջ համագործակցություն սկսելու և քննարկումներին մասնակցելու պատրաստակամություն: Պատգամավորի խոսքով' նախկինում այդ հարցով ՕԵԿ-ը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու «Ազատ դեմոկրատների» հետ: ««Դաշնակցությունը» բերել էր նախագիծ, մեր խմբակցությունը ևս միացավ դրան, բայց չկարողացանք անցկացնել որպես օրենք: Ինչևէ, չպետք է դադարենք պայքարել, որ հարյուր տոկոս համամասնականը դարձնենք իրողություն: Այս տեսանկյունից մենք շարունակում ենք հետևողական գործողությունները»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը:

 

Բիշարյանը նաև հորդորեց ի սկզբանե չմտածել, որ ՀՀԿ-ն դեմ է լինելու 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկին և այն չի ընդունվելու: Նա հույս հայտնեց, որ քննարկումների ընթացքում կարող են հանգել նրան, որ մեծամասնություն ունեցող կուսակցությունը իրենց հետ այդ հարցի շուրջ նույն դիրքորոշումն ունենա:

 

Հանդիպմանը մասնակցել են ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: ՀՀԿ-ից հանդիպմանը մասնակցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: