Ճանապարհային երթևեկության կանոնների արձանագրման արագաչափերի և տեսախցիկների գործադրումը էականորեն նպաստել է մահվան ելքով ավտովթարների նվազմանը: Այս մասին Ազգային ժողովում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հարցին: «2013թ. առաջին 5 ամսում գրանցվել է մահվան ելքով 117 պատահար, միևնույն ժամանակ այս տարվա 5 ամսում դրանց թիվը նվազել և դարձել է 101»,- ասաց նա:

 

Օսիկյանը ներկայացրեց նաև վիճակագրություն մարզերի կտրվածքով: Նա նշեց, որ անցած տարվա առաջին 5 ամսում մարզերում գրանցվել է 96 մահվան ելքով պատահար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 76: «Սա արդյունքն է այն բանի, որ մենք ընդլայնել ենք այդ արագաչափերի և տեսախցիկների աշխարհագրությունը և կարողացել ենք հասնել նրան, որպեսզի նվազեցնենք մահվան ելքով պատահարները»,- ասաց Օսիկյանը:

 

Հայկ Բաբուխանյանը ևս մեկ հարց հնչեցրեց, որը վերաբերում էր Ֆինլանդիայի փորձին, որտեղ երթևեկության կանոնների խախտման համար տուգանքները գանձվում են՝ հաշվի առնելով մեքենայի գինը: «Օրինակ, եթե խախտում կատարած մեքենան 25 տարվա «Ժիգուլի» է, այդ դեպքում վարորդի համար տուգանքը համեմատաբար պետք է քիչ լինի, իսկ եթե 100 հազար դոլար արժե խախտում կատարող անձի մեքենան, այդ դեպքում արդեն բարձր է տուգանքի չափը: Դուք այս նախագծի մշակման ժամանակ այս հարցը քննարկե՞լ եք »,- հարցրեց պատգամավորը:

 

Հարցադրմանն ի պատասխան՝ Արթուր Օսիկյանը նշեց, որ եթե մեքենան ի զորու է զարգացնել մինչև 150 կմ/ժամ արագություն, ապա այն արդեն իսկ իրենից վտանգ է ներկայացնում, և բոլորվին կապ չունի՝ «Ժիգուլի» է, թե թանկարժեք մեքենա: «Եթե վարորդը իր և այլոց կյանքի համար վտանգավոր խախտում է կատարել, ապա պետք է պատժվի ողջ խստությամբ, և նրա մեքենայի արժեքն այստեղ կապ չունի»,- նշեց փոխոստիկանապետը:

 

Ազգային ժողովը քննարկում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էականորեն նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար գանձվող տուգանքների չափը: