Իրանական միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի եւ «վեցյակի» բանակցություններում լուրջ առաջնընթաց չկա: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության քաղաքական տնօրեն Նիկոլյա դե Ռիվիերը՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի խնդրանքով ամփոփելով Վիեննայում բանակցությունների երրորդ օրվա արդյունքները:

 

«Վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) հետ Իրանի կոնսուլտացիաները հունիսի 18-ին շարունակվել են 12 ժամ: Ինչպես լրագրողներին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մանը, «համաձայնագրի սեւագրի վրա աշխատանքը շարունակվում է»:

 

Նրա խոսքով՝ հունիսի 19-ին Թեհրանի եւ «վեցյակի» պատվիրակությունները կշարունակեն բանակցությունները: «Աշխատանքային օրը կսկսվի Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հանդիպմամբ»:

 

Նախօրյակին կողմերին հաջողվել է փոքր-ինչ առաջ շարժվել բանակցություններում: Ինչպես լրագրողներին հայտնել է Զարիֆը, համաձայնագիրը, որը կոչված է փակել «իրանական միջուկային դոսյեն», վերջապես անվանում է ստացել: Այժմ վաղօրոք սահմանված ժամկետում տեղավորվելու համար Իրանը եւ «վեցյակը» պետք է մեկ ամսվա ընթացքում կազմեն եւ համաձայնեցնեն համատեղ գործողությունների համապարփակ պլանը:

 

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է արեւմտյան պատվիրակություններից մեկի մի աղբյուր, նախկինի պես հիմնական վիճահարույց հարցերը մնում են Իրանի հարստացուցիչ ծրագրի ծավալը, այդ թվում՝ ցենտրիֆուգների թվաքանակն ու որակը, Արաքի միջուկային ռեակտորի պարամետրերը եւ Թեհրանի նկատմամբ գործող տնտեսական պատժամիջոցների վերացման տեմպերը: