ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ հուլիսի 1-ից կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը կբարձրանա մոտ 14%–ով, դպրոցներում և ուսումնարաններում աշխատող մանկավարժների հաշվարկային աշխատավարձը' 9 %-ով:
Նախարարի գրառման մեջ նաև նշված է, թե քոլեջներում և արտադպրոցական հաստատություններում հաշվարկային աշխատավարձը բարձրանալու է մոտ երկու անգամ, իսկ բուհերում և գիտական հիմնարկներում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը:

 

«Իհարկե, առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է շարունակել ջանքերը կրթության ոլորտում աշխատող մարդկանց աշխատավարձը բարձրացնելու համար»,- գրել է Արմեն Աշոտյանը:

 

Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կրթության և գիտության Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն անդրադառնալով մանկավարժների աշխատավարձերի թեմային, որոնք ներառված չեն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում ընդգրկված 200 հազար անձանց թվում, ասել էր, թե իրեն ոչ պատահական մեկը (չցանկացավ անունը նշել) հայտնել է, որ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում 9%-ի չափով այլ աղբյուրներից է լինելու, բայց թե ինչպե՞ս է այն լինելու, որտեղի՞ց, տիկին Բախշյանը չի կարողացել պարզել: