Փախստականների, ապաստան խնդրողների եւ երկրների ներսում հարկադիր վերաբնակների թիվը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ գերազանցել Է 50 միլիոնը: Այդ մասին հաղորդվում Է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գործակալության զեկույցում:

 

Հետազոտության հեղինակները պարզել են, որ 2013 թվականի վերջի դրությամբ փախստական Է դարձել 51,2 միլիոն մարդ, ինչը գրեթե 6 միլիոնով գերազանցում Է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

 

Նշվում Է, որ փախստականների կեսը երեխաներ են: Նրանցից շատերը ճանապարհորդում են միայնակ կամ խմբերով եւ հաճախ հայտնվում են մարդավաճառությամբ զբաղվող մարդկանց ձեռքում:

 

Մեկ տարվա ընթացքում 6 միլիոնով փախստականների թվի ավելացումը գլխավորապես պայմանավորված Է Սիրիայում շարունակվող պատերազմով: Հետազոտության մեջ ներկայացված թվերի համաձայն՝ մինչեւ 2012 թվականի վերջը երկրից փախել Է երկուսուկես միլիոն մարդ, իսկ վեցուկես միլիոնը լքել են իրենց տները, բայց մնացել են Սիրիայում. դա ամբողջ բնակչության կեսից ավելին Է:

 

Փախստականների թվի աճի մեկ այլ գործոն են դարձել քաղաքացիական պատերազմները Հարավային Սուդանում եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում:

 

Բացի հինգ միլիոն պաղեստինցիներից եւ արդեն նշված սիրիացիներից, փախստականների ամենամեծ խմբերը կազմում են աֆղանցիները (2,5 մլն), սոմալացիները (1,1 մլն) եւ սուդանցիները (649 հազար):

 

Գործակալության ղեկավար Անտոնիո Գուտերասը նշել Է, որ գլոբալ մասշտաբով «խաղաղության դեֆիցիտը» կապված Է, առաջին հերթին, զինված հակամարտությունները կանխելու, եւ, երկրորդ՝ դրանցից ելք գտնելու միջազգային հանրակցության անկարողության հետ:

 

Բացի ռազմական հակամարտություններից, մարդկանց կողմից իրենց տները լքելու պատճառ են դառնում կլիմայական փոփոխությունները, բնակչության աճը, ուրբանիզացումը, պարենային անվտանգության հետ կապված իրադրության վատացումը եւ ջրի անբավարարությունը: Քիչ չեն այն դեպքերը, երբ այս գործոները միասին են հանդես գալիս: