Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Քաղաքացիների պահանջները երկուսն են՝ չթանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը և սահմանել գնագոյացման հստակ մեխանիզմ: Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից Նարեկ Հակոբյանը նշեց, որ իրենք պայքարելու են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: «Անհրաժեշտ է գնագոյացման հստակ մեխանիզմներ սահմանել, թե որ դեպքում և որքան կարող է թանկանալ սակագինը»,- ասաց նա:
Ակցիայի մասնակից Հայկ Ավետիսյանը ևս նշեց, որ հիմնավորումներն անընդունելի են և համակարգը սպասարկող ընկերությունների վատ կառավարման պատճառով առաջացած ֆինանսական ճեղքվածքը քաղաքացին չպետք է փակի: «Եթե նրանք վատ են աշխատել և դրա արդյունքում ֆինանսական խնդիրներ են առաջացել, թող իրենք էլ իրենց հաշվին լուծեն այդ խնդիրները: Ո՞վ է ասել, որ նրանց վատ աշխատանքի արդյունքում առաջացած ֆինանսական խնդիրները հոգա քաղաքացին»,- ասաց նա:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում' 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Լուսանկարը` PanARMENIAN.Net-ի