ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով հյուրերին' նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին Հայաստանի առողջապահության համակարգին ցուցաբերած աջակցության և երկարամյա համագործակցության համար:
«Առողջապահական ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք' հաշվի առնելով անցած ճանապարհը»,- ասել է ԱրմենՄուրադյանը: Նա բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և ՀՀ կառավարության միջև 2010թ. օգոստոսի 6-ին ստորագրված առողջապահության և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագիրը, որի շրջանակում առողջության առաջնային օղակում շարունակվում է բարեփոխումների իրականացումը, տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը:
Նախարարը նաև կարևորել է այն հայ բժիշկների դերը, ովքեր ապրում և ակտիվ գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում և մեծ ներդրում ունեն Հայաստանի առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման գործում։ Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել նրանց մշտական կապը հայրենիքի գործընկերների հետ:
Արմեն Մուրադյանին շնորհավորելով պաշտոնավարման առթիվ' Ջոն Հեֆերնը նշել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մշտապես սերտորեն և արդյունավետ է աշխատել ՀՀ առողջապահության նախարարության թիմի հետ: «Հայաստանում գտնվելուս ընթացքում մենք բազմաթիվ համաձայնագրեր ենք կնքել, որոնց շուրջ ծավալվել է երկկողմ համագործակցություն: Առաջիկայում առողջապահական ծրագրերը կունենան նաև ստեղծարար մոտեցումներ»,- կարծիք է հայտել Հեֆերնը:
Առողջապահության նախարարությունը սերտ և շարունակական համագործակցություն է ծավալել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհաննեսյանի կողմից 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության, Ամերիկայի Միացյալ հայկական հիմնադրամի (UAF), 1997 թվականից Հայաստանում գործող հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և մի շարք այլ կազմակերպությունների և անհատների հետ: