Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կիրականացնի քարաթափում՝ Հ-46 ավտոմայրուղու Գորիս-Տաթև հատվածի 12-րդ կիլոմետրում՝ ճանապարհին հարող հատվածում մայր ապառից անջատված մոտ 700 խ. մ. ծավալով ժայռաբեկորի պայթեցման եղանակով: Քարաթափումը կվերացնի ժայռաբեկորի տարերային անկումից ճոպանուղու հենասյանը և Հ-46 ավտոմայրուղու նշված հատվածին սպառնացող վտանգը:

 

Քարաթափման աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարությունն ԱԻՆ-ին կհատկացնի 18 մլն դրամ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունիսի 26-ի նիստի օրակարգում:

 

«Հաշվի առնելով, որ աշնանային առատ տեղումներից հիմքերի լվացման կամ սեյսմիկ ցնցումների պատճառով ժայռաբեկորի անկումը կարող է բերել անդառնալի հետևանքների, անհրաժեշտություն է առաջացել հնարավոր սեղմ ժամկետներում իրականացնել արհեստական քարաթափում' պայթեցման եղանակով: Պայթեցման աշխատանքները կիրականացվեն լիցենզավորված կազմակերպության կողմից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 

Ժայռաբեկորի պայթեցումը կնպաստի Հ-46 ավտոճանապարհի նշված հատվածում անվտանգ երթևեկությանը և ճոպանուղու հուսալի շահագործմանը: