Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի գործադրումը մտնում է ոստիկանի գործառույթների մեջ: Այս մասին այսօր' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն' անդրադառնալով օրեր առաջ էլեկտրաէներգայի թանկացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից կիրառված ուժին:

 

«Ֆիզիկական ուժը, հրազենի գործադրումը, դրանք սահմանված են օրենքով: Ոստիկանը տիրապետում է միջոցների գործադրման կարգին, պայմաններին, և մի շարք դեպքերում ոստիկանն իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ: Մենք պետք է խոսենք ոչ թե կիրառման կամ չկիրառման մասին, այլ յուրաքանչյուր դեպքում պետք է խոսենք ոստիկանության գործադրած ֆիզիկական ուժի գործադրման համաչափության մասին»,- ասաց Գլխավոր դատախազը:

 

Վերջինիս խոսքով' Սարյան փողոցում տեղի ունեցածի վերաբերյալ տրված է համապատասխան ցուցում, որ այն անձինք, որ դիմել են կամ կդիմեն իրենց նկատմամբ բռնության մասին, դատախազությունը կզբաղվի այդ հարցով:

 

«Կան մարդիկ, ովքեր արդեն ներկայացրել են հաղորդում, բայց պետք է իրավական գնահատական տրվի նաև ոստիկանի նկատմամբ բռնության մասին»,- ասաց Կոստանյանը: