Սիրիայի առողջապահության նախարար Սաադ Նայիֆը հաստատել է, որ ենթակառուցվաքծները վերականգնելուց հետո Քեսաբի բժշկական կենտրոնը շուտով կվերսկսի իր աշխատանքները: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Առողջապահության նախարարը Քեսաբ այցելել էր Համաշխարահային առողջապահության կազմակերպության Դամասկոսի ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոֆի, ինչպես նաև Լաթաքիայի բժշկական կենտրոնի տնօրեն Ուաֆիկ Դրուիշի հետ: Նախարարը վստահեցրել է, որ Քեսաբի բժշկական կետրոնի համար բժշկական նոր սարքավորումներ են բերվել Դամասկոսից:

 

Լաթաքիայի մարզպետ Ահմադ Շեյխ Աբդ ալ Կադիրն իր հերթին նշել է, որ Քեսաբում այժմ սկսել են վերականգնվել անհրաժեշտ ծառայությունները, որոշ խանութներ են բացվել և կյանքն աստիճանաբար վերադառնում է գյուղաքաղաք: Մարզպետը քեսաբցիներին կոչ է արել վերադառնալ իրենց բնակավայրեր:

 

Սիրիական բանակը հունիսի 15-ին ազատագրել է Քեսաբը, և բնակիչները սկսել են վերադառնալ իրենց հայրենք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Նարեկ Լուիսյանն ավելի վաղ նշել էր, որ հայրենիք վերադարձած քեսաբահայերը ծանր վիճակում են հայտնվել: Քեսաբցիների բոլոր բնակարաններն անխտիր կողպտվել են: Նրա խոսքով, բնակարաններից որոշները զրկվել են բոլոր տեսակի տեխնիկայից՝ սառնարաններից, լվացքի մեքենաներից, խոհանոցային անհրաժեշտ պարագաներից, որոշները հրկիզվել են, մյուսների վրա ռումբ է ընկել, և այնտեղ հնարավոր չէ ապրել: Որոշ բնակարաններից գողացվել են միայն հագուստներ և տան իրեր, զարդեր: «Ահռելի չափերով տարբեր տեսակի իրեր գողացվել և տեղափոխվել են Թո ւրքիա»,- նշել էր վարդապետը: