Հայ-վրացական հարաբերությունները երկու մակարդակով են զարգանում' հայ-վրացական հարաբերություններ և ռուս-վրացական հարաբերություններ, և ինչքանով բարի դրացիական հարաբերություններն լինեն Ռուսաստանի և Վրաստանի միջև, դա կազդի նաև հայ-վրացական հարաբերությունների վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը' խոսելով Վրաստանի եվրոասոցացումից հետո Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման մասին: Նա հիշեցրեց, որ Հայաստանը և Վրաստանը միշտ էլ եղել են քաղաքական տարբեր բևեռներում և ընտրել են զարգացման տարբեր ճանապարհներ: «Անկախությունից ի վեր Հայաստանն ու Վրաստանը եղել են տարբեր բևեռներում, և եթե Հայաստանը ինտեգրվեց հետսովետական կառույցներում, ապա Վրաստանը միշտ հայտարարում էր, որ ընտրել է Եվրամիության ուղին և ցանկանում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
Այս տարիներին այդ բևեռացումը խնդիրներ չի ստեղծել Հայաստանի և Վրաստանի համար: Հետագայում էլ խնդիրները կարող են լինել միայն տնտեսական ոլորտում, քանի որ գոյություն ունի ԱՊՀ տարածքում ազատ առևտրի գոտի, միևնույն ժամանակ ազատ առևտրի համաձայնագիր կա Հայաստանի և Վրաստանի միջև, և այդ ամենը պետք է վերանայվի: Սակայն այս պահի դրությամբ դեռևս քննարկումները շարունակվում են, և ամեն ինչ պարզ կդառնա այն բանից հետո, երբ Հայաստանը կանդամագրվի Մաքսային միությանը»,-ասաց Մելիքյանը:
Խոսելով Վրաստանում հետագա զարգացումների մասին' նա հիշեցրեց Հարավային Օսիայի և Աբխազիայի հայտարարությունների մասին: «Հարավային Օսիայի ընտրություններում հաղթած «Միացյալ Օսիա» կուսակցությունը հայտարարեց, որ ուզում են հանրաքվե անցկացնել, որտեղ հիմնական հարցը լինելու է այն' միանալ Ռուսաստանին, թե ոչ: Աբխազիայում ևս հայտարարություններ եղան, որ իրենք պաշտպանվելու են Ասոցացման պայմանագրի ազդեցությունից: Այս ամիսներին Թիֆլիսում մտավախություն կար, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտի համաձայնագրի ստորագրմանը, սակայն Ռուսաստանը ինչպես և հայտարարել էր, չխառնվեց այդ գործընթացին»,-ասաց Մելիքյանը:
Վրաստանը հունիսի 27-ին ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը, որը նախատեսում է այդ երկրի մուտքը ԵՄ-ի ազատ առևտրի գոտի: Վրաստանի կողմից համաձայնագիրն ստորագրել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Եվրամիության կողմից՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: