Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հիշատակի և ծաղկեպսակադրության արարողություն: Հիշատակի արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ ՊՆ ղեկավարությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Ներկա էին Արցախյան ազատամարտի տարիներին զոհված ազատամարտիկների, ինչպես նաև այդ տարիներին անհայտ կորածների հարազատներ, պատերազմի մասնակից ազատամարտիկներ:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո ելույթ ունեցավ ներկաների առաջ: Նախարարն ընդգծեց, որ հայ ժողովրդի պատմությունը միշտ լի է եղել տարբեր իրադարձություններով, որտեղ եղել են և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ, և՛ տխուր օրեր: «Մեզ միշտ փրկել է միասնությունը, երբ մենք միմյանց հետ կողք կողքի ենք եղել և միասնական ջանքերով դուրս ենք եկել դժվար իրավիճակներից: Մեր պատմության ընթացքում ավելի շատ եղել են դառը օրեր, որոնք առանձնահատուկ են պայքարով, հաղթանակներով, ինչպես նաև անհաջողություններով: Եվ բոլորիս համար հասկանալի է, որ հայ ժողովրդի նորագույն պատմության էջերը նույնպես առանձնահատուկ են արցախյան գոյապայքարով, որը վեր է ածվել ազգային ազատագրական շարժման, որի արդյունքում մենք ունենք ազատ, անկախ Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որը դանդաղ, սակայն հաստատակամ քայլերով և միահամուռ կամքով գնում է դեպի զարգացում՝ ապահովելով հայ ժողովրդի խաղաղ արարումը և ապագա բարեկեցիկ կյանքը»,- ասաց նախարարը:

 

Օհանյանն ընդգծեց' բոլորի համար հասկանալի է նաև, որ պայքարի մարտական գործողությունների ընթացքում եղել են նաև դառը և դժվար պահեր, կորուստներ: «Եթե հիշենք Գարեգին Նժդեհի այն խոսքը, որ' «Հաղթանակները պտղաբեր են, եթե դաշտերը ոռոգվում են արյամբ», ապա հասկանալի կլինի, որ առանց կորստի մենք չենք կարող ունենալ հաջողություններ: Կորուստ, որը իր հետ բերում է նաև հաջողություններ և արդյունք: Եվ հիմա մենք գտնվում ենք մի այնպիսի սրբավայրում, որտեղ մեր մարտական ընկերների ոգիներն են, նրանց մարմիններն են հանգչում: Մենք Եռաբլուր գալիս ենք շատ դեպքե րում ոչ թե սգալու, այլ հպարտանալու մեր մարտական ընկերներով, որովհետև մեզանից շատ շատերն էլ կարող էին նրանց կողքին լինել»,- ասաց Օհանյանը:

 

Նա ընդգծեց, որ զոհված ազատամարտիկների կիսատ թողած գործը մինչև վերջ հասցնելու համար մի բան է մնում անել՝ խաղաղ պայմաններում ամեն ինչ անել, որպեսզի ուժերն ուղղված լինեն բոլոր սպառնալիքների չեզոքացմանը, ուղղված լինեն Հայաստանի Հանրապետության շուրջն անվտանգության ձևավորմանը, որը երկարատև արարման հիմքեր կստեղծի: «Եվ եթե անհրաժեշտություն լինի, ապա բանակի գլխավորությամբ մենք անպայման նորից կկանգնենք և կպայքարենք, կզոհվենք՝ մեր հայրենիքի խաղաղ արարումն ապահովելու համար»,- նշեց նախարարը:

 

Օհանյանը նշեց, որ այլ է ճակատագիրն այն մարդկանց, ում որդիներն ու հարազատները անհայտ կորած են համարվում՝ ընդգծելով, որ բանակը պարտավոր է լինել բոլոր այդ մարդկանց կողքին: «Արցախյան գոյապայքարից հետո ձևավորված բոլոր հասարակական կազմակերպությունները լավ օրից չէ որ ձևավորվել են: Դրանք ձևավորվել են, որպեսզի միասնական ուժերով տանեն կյանքի բոլոր դժվարությունները, ձևավորվել են, որպեսզի օգնեն մեր կառավարությանը այնպիսի մթնլորտ ստեղծել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրները լուծել: Եվ այս կապակցությամբ բանակը պարտավոր է ձեր կողքին լինել, որովհետև մենք երբեք ձեզանից չենք առանձնացել, որովհետև մենք ձեր որդիներից մեկն ենք»,- ասաց նախարարը:

 

Դիմելով անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ եթե զոհված ազատամարտիկներով իրենք հպարտանում են, ապա անհայտ կորածների ճակատագիրն անորոշության մեջ է, և յուրաքանչյուրը կուզենար իմանալ, որտեղ ենք նրանք, ինչով են զբաղված: «Եվ մենք միշտ գալիս ենք այն եզրակացության, որ պետք է լինենք ձեր կողքին: Անհայտ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովը օպերատիվ զբաղվում է նրանց որոնողական աշխատանքներով, սակայն այն իրականությունը, որ մենք Ադրբեջանի հետ պետական կապ չունենք, որտեղ էլ մենք փորձում ենք գտնել մեր որդիներին, թույլ չի տալիս, որ մենք ցանկալի արդյունքներ ունենանք»,- նշեց Օհանյանը:

 

Ելույթի վերջում Սեյրան Օհանյանը, դիմելով անհայտ կորած ազատամատրիների հարազատներին, հույս հայտնեց, որ կգա այն օրը, երբ նրանց տխրության արցունքները կվերածվեն ուրախության արցունքների, երբ դուռը կբացեն և դրա հետևում կտեսնեն իրենց կորած որդիներին: