Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.

 

«Այսօր դժվար է պատկերացնել որևէ պետության իրավական համակարգի կայացումն ու զարգացումը, կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությունն առանց ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման: Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների համակարգի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թվականի կարգադրությամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը: Այն կարելի է համարել իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական և համակարգված քաղաքականության իրականացման կարևորագույն գործիք, որը նպատակ ունի ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված և միջազգային պայմանագրերով մեր պետության ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը»:

 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծրագրի մշակման գործում ակտիվորեն ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ արդյունավետ համատեղ աշխատանքի արդյունքում այս տարվա փետրվարի 27–ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ազգային ռազմավարության միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում են պետական տարբեր մարմիններին վերաբերող մի շարք միջոցառումներ:

 

«Մենք այս ծրագիրը համարում ենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների երաշխիքների ամրագրման առանցքային փուլ: Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման մեկնարկին նվիրված այս միջոցառումն ունի խորհրդանշական կարևորություն, քանի որ ընդգծում է այն լիարժեք իրականացնելու մեր քաղաքական կամքը և ազդարարում' միասնական փաստաթղթի շրջանակում մարդու իրավունքներին առնչվող միջոցառումների համագործակցված իրականացման պատրաստակամությունը»,- ընդգծել է վարչապետ Աբրահամյանը:

 

Կառավարության ղեկավարը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին և համոզմունք հայտնել, որ ծրագիրն էապես կնպաստի մեր պետությունում մարդու իրավունքների հուսալի պաշտպանության երաշխավորմանը: