Թուրքիայի Այնթափի շրջանի Գարգամըշ ավանի մոտ Սիրիայի Զորմաղարա գյուղում երեկվա մարտերի արդյունքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կոչված խմբավորումն այն գրավել է սիրիացի քրդերից և Իրաքի և Սիրիայի հյուսիսում իր հռչակած «Իսլամական պետության» դրոշն ամրացրել է Թուրքիայի հետ սահմանի ամենաբարձր կետում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

 

ԻԼԻՊ-ի կողմից սիրիական Զորմաղարա գյուղի բռնազավթումից հետո Թուրքիան մեծացրել է Սիրիայի հետ սահմանի անվտանգությունը' այդ նպատակով ռազմական ուժ և զրահատեխնիկա մտցնելով տարածաշրջան: Նշվում է, որ ներկայումս տարածաշրջանում փոխհրաձգության ձայներ են լսվում:

 

Թուրքական մամուլը հայտնել է, որ Իրաքի բանակի զինծառայողները ոչնչացրել են ԻԼԻՊ-ի մահապատիժների կազմակերպման գծով մարաքեշցի հրամանատար Աբու Նասրան ալ Մաղրաբիին և ևս 18 ահաբեկիչների:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ԻԼԻՊ-ի հրամանատարները հայտարարել են, որ առաջիկայում իրենց հռչակած «Իսլամական պետություն» խալիֆայությունը պետք է տարածեն նաև Թուրքիայում: