Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող «Ան Նուսրա» սունի ահաբեկչական կազմակերպությունն սպառնացել է Ադրբեջանին՝ կապված օրերս Սաբիրաբադ քաղաքում «իրենց եղբոր մորուքը բռնությամբ խուզելու» միջադեպի հետ, ինչն Ադրբեջանում սալաֆիների (իսլամի սունի ուղղություն) և շիաների հերթական բախումների պատճառ էր դարձել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով musavat.com լրատվական կայքը, «Ան Նուսրայի» կազմում Սիրիայում կռվող ադրբեջանցիների խոսնակ Ֆուրքան Ազերին Twitter-ի իր էջում գրառել է. «Սաբիրաբադում տեղի ունեցածի վրեժը շուտով կլուծենք: Մենք երբեք չենք մոռանա և թույլ չենք տա այլոց մոռանալ մեր եղբոր մորուքը բռնությամբ խուզելու այդ դեպքը»:

 

Դրանից առաջ Ադրբեջանի հասցեին նման սպառնալիքով հանդես էր եկել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորումը:

 

«Ազադլըգ» թերթը հայտնում է, որ երեկ Բաքվի Գարաչուխուր մզկիթի համայնքի 10-15 մեքենա ադրբեջանցի սալաֆի և վահաբի ներկայացուցիչներ մեկնել են Սաբիրաբադ' «հաշվեհարդարի», որտեղ նրանք փորձ են արել կրոնական հողի վրա բախում ստեղծել տեղացիների հետ: Բաքվեցի վահաբիները տեղացիներից պահանջել են հանձնել իրենց ընկերոջ մորուքը խուզած անձին կամ նրա գլուխը: Բախումը կանխվել է ոստիկանության հետ կարճ դիմակայությունից հետո:

 

Որոշ դիտորդների կարծիքով՝ Սիրիայում և Իրաքում օրեցօր ահագնացող միջկրոնական բախումները հնարավոր է ապագայում ներթափանցեն նաև Ադրբեջան, որտեղ այժմ դաժան դիմակայություն է սկսվել արմատական իսլամիստական խմբավորումների միջև: Նման առաջին զինված միջադեպն արմատական խմբավորումների միջև տեղի է ունեցել անցյալ դեկտեմբերի 11-ին Սումգայիթում: Որոշ ժամանակ առաջ ադրբեջանցի մոջահեդներից մեկի կողմից «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման կազմում կռվող ադրբեջանցիներին ուղղված մեղադրանքը իսկական թշնամության է վերածվել այդ խմբավորումների միջև, ինչը գնալով ավելի է խորանում: