2014 թվականի հուլիսի 4-ին ամփոփվեց Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման համակարգի գնահատման 2013 թվականի «անկախ» հաշվետվության վերջնական արդյունքները:
Գնահատման աշխատանքներն իրականացվել են համաշխարհային ճանաչում ունեցող PEFA մեթոդաբանությամբ և կարգով: Գնահատման աշխատանքներն իրականացվել են PEFA քարտուղարության անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև Եվրոպական Միության, Գերմանական միջազգային համագործակցության (GIZ), ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ:
31 ցուցանիշների համատեսքտում գնահատվել է նաև ՀՀ վերահսկիչ պալատի իրավասություններն ու բարեփոխումների ընթացքը:
Նման գնահատում Հայաստանում վերջին անգամ կատարվել էր դեռևս 2008 թվականին, ինչի համեմատ Վերահսկիչ պալատի ցուցանիշն արձանագրել է աննախադեպ բարելավում: Գնահատականը «D+»-ից բարձրացել է «C+ Δ», ինչն, ըստ PEFA մեթոդաբանության, նշանակում է, որ ցուցանիշը ոչ միայն բարելավվել է, այլև այն ներկայումս էլ շարունակում է բարելավվել: Առհասարակ, պետական ֆինանսների կառավարման համակարգի բարելավված ցուցանիշների շարքում առաջընթացի նման միտումը եզակի է:
Արտաքին պետական վերահսկողության ակնհայտ առաջընթացը պայմանավորված է, նախևառաջ, վերահսկողության շրջանակի և բնույթի ամրապնդմամբ, գործառույթների իրականացման կայունությամբ, ինչպես նաև հետվերահսկողության փուլում Վերահսկիչ պալատի եզրահանգումների և առաջարկությունների իրագործման հետևողական աշխատանքով:
Վերահսկիչ պալատի ընթացիկ բարեփոխումների հաջող ընթացքն ապահովող ռազմավարական ծրագիրն ու «համակարգերի» հիման վրա իրականացվող վերահսկողական միջոցառումներն էապես բարձրացնում են Վերահսկիչ պալատի արդյունավետությունը:
Այնուամենայնիվ, Վերահսկիչ պալատի ցուցանիշը դեռևս բարելավման կարիք ունի: INTOSAI «անկախության» ստանդարտի ոչ լիարժեք ապահովումը դրական ազդեցություն չի թողնում գործընթացի վրա:
Մասնավորապես, հաշվետվությամբ արձանագրվել է, որ Վերահսկիչ պալատը չունի բավարար անկախություն, այսինքն՝ այն հանգամանքը, որ Վերահսկիչ պալատի աշխատակազմում պետական ծառայությունը քաղաքացիական ծառայություն է, և այն, որ կառավարությունը նախքան Ազգային ժողով ներկայացնելը կարող է կրճատել Վերահսկիչ պալատի բյուջետային հայտը, ինչպես նաև այն, որ Ազգային ժողովն ինքն է հաստատում է վերահսկողության տարեկան ծրագիրը, հաստատապես չեն նպաստում ՀՀ արտաքին պետական վերահսկողական համակարգի զարգացմանը: