Որքան էլ ՀՀԿ-ականները հայտարարում են, թե իրենց թեկնածուն նախագահական ընտրությունների ֆավորիտն է, որքան էլ նախագահի թեկնածուների օբյեկտիվ դիտարկման ժամանակ կարող է թվալ, թե ընտրակաշառքն այս անգամ կարող է և իսկապես պետք չգալ, այնուամենայնիվ, պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։
ՀՀԿ-ի շնորհիվ պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, ըստ երևույթին, ձգտելով հնարավորինս արդարացնել ՀՀԿ-ի, հատկապես ՀՀ և ՀՀԿ նախագահի կողմից իրեն ԱԺ գործուղելու հնարավորությունը, որոշել է ավելի քան մեծ պատասխանատվությամբ մոտենալ նախագահական ընտրություններին։ Այսպես, Սարգսյանի հրահանգով «ՍԱՍ գրուպ»-ի՝ այլ ընտրատարածքներում հաշվառված աշխատակիցները վերահաշվառվում են Արաբկիրում՝ ձայների հնարավորինս մեծ քանակ ապահովելու համար այդ ընտրատարածքից ձայներ ապահովելու պարտավորություն ունեցող իրենց «տիրոջը»։ Այսպես, եթե աշխատողն անգամ տարիներ շարունակ ապրել է Ներքին Չարբախում, բոլորը նրան ճանաչում են, բազմաթիվ անգամ նաև նրա ընտանիքի անդամներն ընտրությունների են գնացել հենց իրենց բնակավայրում գտնվող ընտրատեղամաս, միևնույն է, այս նախագահական ընտրություններին նրանք այլևս պարտավոր են նոր իրողություններին ընդառաջ գնալ և իրենց ձայնը նվիրաբերել հենց այն ընտրատարածքին, որտեղից առավելագույն շահ կարելի է ապահովվել իրենց «տիրոջը»։ Ընդ որում, միայն աշխատողներով խնդիրը չի սահմանակվում․ Սարգսյան-պատգամավորի գերագույն հրահանգով յուրաքանչյուր աշխատող պարտավոր է հօգուտ նախագահ Սարգսյանի ապահովել ևս 3 ձայն։ Այս ընթացքում «ՍԱՍ գրուպ» հոլդինգում տենդագին միջոցառումներ են ընթանում աշխատակիցների անձնագրային տվյալների հավաքագրման, համապատասխան վերագրանցումների կազմակերպման ուղղությամբ։
Որ ՀՀԿ-ականների, ՀՀԿ շահերը սպասարկող բիզնեսմենների և սրանց հավասարների վրա դրվում է ընտրություններում ձայներ ապահովելու գործառույթ, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ։ Ձայների ապահովման գործընթացը կազմակեպվում է համանման սխեմայով․ յուրաքանչյուրը թելադրում է նրան, ում կարող է՝ պետական պաշտոնյան իր ստորադասներին, բիզնեսմենը՝ իր աշխատողներին։ Այդպես, այդ պաշտոնյաներն ու բիզնեսմեններն ընտրությունների ընթացքում և հետո՝ որպես իրենց գոյության արդարացում, թիվ են ներկայացնում ՀՀԿ շտաբ առ այն, թե գերմարդկային ջանքերի գնով քանի հոգու են կարողացել ճիշտ ճանապարհի կանգնեցնել և մոտավորապես քանի ձայն է հենց իրենց շնորհիվ հայտնվել ՀՀԿ զինանոցում։ Սակայն, ինչպես հայտնի է, պաշտոնյաների ստորադասները, ինչպես և բիզնեսմենների աշխատողները, ապրում են տարբեր ընտրատեղամասերում և որքան էլ նրանց վերադասները սիրում են որպես շանտաժ օգտագործել՝ «տե՛ս, հա՛, ստուգելու եմ» գործիքը, այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ ՀՀԿ-ի ընտրագլխաքանակ ապահովողների ներկայացրած թվերը՝ բերած ձայների հաշվով, շատ հաճախ չեն ստուգվում և իրականում հնարավոր չէ ասել, թե կոնկրետ ով՝ ինչ ներդրում ունի այս կամ այն ընտրություններում։
Իհարկե, որպես բիզնեսմեն՝ Արտակ Սարգսյանն էլ կարող էր նույն տակտիկան բանեցնել, ինչ մյուս բիզնեսմենները, այսինքն՝ հրահանգել աշխատողներին՝ քվեարկել հօգուտ Սերժ Սարգսյանի և ասել, թե, ահա՛, այսքան աշխատող ունի և ընտանիքի անդամներով հաշված, ասենք, այսքան ձայն է ապահովել։ Բայց բանն այն է, որ հենց շնորհիվ նախագահ Սարգսյանի «դաբրոյի» Սարգսյան Արտակը դարձավ մեծամասնական պատգամավոր թիվ 4 ընտրատարածքից։ Իսկ ինչպես հայտնի է, ընտրատարածքներում ձայներ ապահովելու հիմնական պատասխանատուները հենց մեծամասնական պատգամավորներն են։
Իհարկե, այստեղ դժվար է ասել, թե ՀՀԿ շտաբում կոնկրետ այս հաշվով ինչ հրահանգներ են եղել, յուրաքանչյուր մեծամասնական պատգամավորի վրա կոնկրետ ինչ պարտականություն է դրվել և արդյո՞ք Արաբկիրն այդ աստիճան օրհասական վիճակում է և նախագահ Սարգսյանին այստեղ իսկապե՞ս ձայն տվողներ չկան, դրա համար էլ պատգամավոր Սարգսյանը ճարահատյալ նման գերտեխնոլոգիաներ է որոշել կիրառել և օգնական ուժեր բերել դրսից։ Ամենայն հավանականությամբ, Արտակի կազմակերպած «սպեցօպերացիան» ՀՀԿ շտաբի հետ կապ չունի և պարզագույն ինքնագործունեություն է՝ ոչ ավելի։ ՀՀԿ-ն ավելի քան վստահ է իր հաղթանակի մեջ, ՀՀԿ շտաբում նախընտրական հավաքները, երևի թե, հրավիրվում են ընդամենը «պտիչկա դնելու», իրար երես տեսնելու ու սուրճ խմելու նպատակով։ Եթե ՀՀԿ շտաբը մի բան պետք է որ անի նախընտրական շրջանում և ընտրությունների ժամանակ, դա՝ ընտրակեղծիքներ ու տարաբնույթ մանիպուլյացիաներ թույլ չտալն է։ Նախագահ Սարգսյանի գերխնդիրն այս ընտրություններում հնարավորինս մաքուր ու լեգիտիմ ձևով ընտրվելն է։
Իհարկե, սխալ է ասել, թե Արտակ Սարգսյանը գիտի, որ իր ինքնագործունեությամբ «արջի ծառայություն» է մատուցում նախագահին։ Ընդհակառակը, Արտակը երևի թե վստահ է, որ մեծ գործ է անում։ Ինչպես հայտնի է, Բաղրամյան 26-ի տիրոջ դռանը մշտապես հավատարիմների հերթ է։ Հավատարիմները հերթ են կանգնում, և երբ նրանց վերջապես հնարավորություն է տրվում մեկ-երկու րոպեով ներս մտնել, յուրաքանչյուրը սկսում է հավաստիացնել, որ հենց ինքն է ամենահավատարիմը, ինքն է ամենանվիրյալն ու նախագահի շահերի ամենամեծ պաշտպանը և որ իրենից շատ ոչ ոք չի կարող սիրել նախագահին։ Իհարկե, Բաղրամյան 26-ի տերերը փոխվում են, բայց դրանից ո՛չ հավատարիմների հերթերն են նվազում, ո՛չ էլ «սիրո խոստովանություններ» անողներն ու բովանդակությունը։ «ՀՀԿ գանձապահի» համարումն ունեցող «ՍԱՍ»-ի Արտակն ավելի քան լավ գիտի, թե ի՛նչ ասել է Բաղրամյան 26-ի տիրոջ սիրտ շահել, ի՛նչ ասել է՝ դառնալ Բաղրամյան 26-ի տիրոջ հավատարիմ։ Հենց այս իմացությունից ելնելով է Արտակը որոշել ձեռքից բաց չթողնել պատեհ առիթը՝ իր «սիրո խոստովանության» հավելյալ ապացույցներ ունենալու համար։ Եվ իհարկե, բոլորովին այլ հարց է, թե նախագահ Սարգսյանի ինչի՞ն են պետք նման հավատարիմները․․․
Լուսինե Կեսոյան