Երևանի Աբովյան 29 շենքի բնակիչները դիմել են Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով միջնորդել, որ Մշակույթի նախարարությունն իրենց տրամադրի շինարարության ավարտական ակտերը:

 

Դիմումատուները հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանից ստացել են մանսարդային հարկի վերակառուցման շինարարության թույլտվություն: Շինաշխատանքներն ավարտվելուց հետո բնակիչները դիմել են Մշակույթի նախարարություն՝ շինարարության ավարտական ակտը վավերացնելու նպատակով, սակայն մերժում են ստացել:

 

Բնակիչներն ապրիլի 17-ին կրկին դիմել են Մշակույթի նախարարություն՝ մերժման հիմնավորվածությունը ստանալու նպատակով, սակայն որևէ պատասխան չեն ստացել:

 

Պաշտպան Կարեն Անդրեասյանը բնակիչների խնդրով գրություն է ուղարկել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Ի պատասխան՝ Մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ ձեղնահարկում շինաշխատանքները կատարվել են շեղումներով և անավարտ են, ինչի պատճառով նախարարությունը դեռ չի կարող հատկացնել ավարտական ակտերը:

 

Նախարարության մասնագետները բնակիչներին առաջարկել են կառույցը համապատասխանեցնել համաձայնեցված նախագծին և տեղեկացրել, որ շինաշխատանքներն ավարտելուց հետո բնակիչները կստանան ավարտական ակտը: Բնակիչները շտկել են Մշակույթի նախարարության արձանագրած շեղումները:

 

Պաշտպանի և Մշակույթի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում հարցն արագորեն լուծվել է, և բնակիչները հունիսի 25-ին ստացել են շինարարության ավարտական ակտերը:

 

Բնակիչները շնորհակալություն են հայտնել Օմբուդսմենին՝ նշելով, որ վերջինի միջամտության արդյունքում Մշակույթի նախարարությունն արագորեն լուծեց հարցը, որը ձգձգում էր ամիսներ շարունակ:

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը բարձր է գնահատում համատեղ աշխատելու և խնդիրներին արագորեն լուծում տալու Մշակույթի նախարարության պատրաստակամությունը: