Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 187-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է մի քանի հարյուրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իսրայելական ռմբակոծությունները կատարվում են Գազայի հատվածի տարբեր, մաս նավորապես Ռաֆհ, Խան Յունիս, Աբսան, Դեր Բալահ բնակավայրերի ուղղություններով: Իսրայելական աղբյուրները տեղեկացնում են, որ Գազայի հատվածից հրթիռակոծությունը շարունակվում է, ռմբակոծվում է նաև Կարմիր ծովի ափամերձ Էյլաթ քաղաքը:
Ավելի վաղ՝ հուլիսի 14-ին, Եգիպտոսն առաջ է քաշել Իսրայելի և Գազայի հատվածի միջև կրակը դադարեցնելու նախաձեռնություն, համաձայն որի հուլիսի 15-ի առավոտյան պետք է դադարեցվի հրթիռակոծությունը: Եգիպտոսը նաև առաջարկել է բացել սահմանային անցումները մարդկանց տեղաշարժը թեթևացնելու համար:
Կահիրեում առաջիկա օրերին տեղի կունենա Արաբական երկրների լիգայի արտահերթ հանդիպումը, որտեղ կքննարկվեն հարցեր լարված իրավիճակի վերաբերյալ: Իր հերթին Ջոն Քերին հուլիսի 15-ին նախատեսել էր մեկնել Կահիրե և քննարկել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ հարցեր, սակայն այցելությունը հետաձգվել է: Պատճառների վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունն սկսել է հուլիսի 8-ին: Պաղեստինի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ հազար հրթիռ: Իսկ Իսրայելը ռմբակոծել է պաղեստինյան 1500 նպատակակետ: Իսրայելական կողմից զոհերի մասին տեղեկություններ չկան, միայն հայտնի է, որ 15 մարդ վիրավորվել է: