Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց կատարեց Երևանի Արաբկիր վարչական շրջանում և ծանոթացավ պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ տնտեսվարողների կողմից իրականացվող աշխատանքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' քաղաքապետը մոտենում էր տնտեսվարողներին ու շնորհակալություն հայտնում նորմերին հետևելու համար:

 

«Կոմիտասի պողոտայում բոլորս տեսանք, որ տնտեսվարողները, մասնավոր ընկերությունները, նաև պետական կառույցներն իրենց պարտադիր բարեկարգման նորմերը բարձր մակարդակով իրականացնում են: Դեռ 2009 թվականից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանության մասին ավագանու որոշում կա, որի իրականացմանը մենք հետամուտ ենք լինում»,- նշեց Տարոն Մարգարյանը:

 

Նրա խոսքով' Երևանում գործում են ավելի քան 15 հազար տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից 13 հազարն իրենց պարտավորությունը կատարում են: Իսկ այն տնտեսվարողներին, որոնք չեն հետևում նշյալ որոշմանը, քաղաքապետարանÕ ¨ տույժի ենթարկելու լիազորություն ունի:

 

«Արդեն 1000 օբյեկտների վարչական տույժերի ենք ենթարկել: Համոզված եմ' կարճ ժամանակում կհասնենք Երևան քաղաքում պարտադիր բարեկարգման նորմերի պահպանության ապահովմանը: Կոչ եմ անում պետական ու մասնավոր ընկերություններին Երևանի ավագանու որոշումները հարգել ու իրականացնել, քանի որ Երևանը բոլորիս տունն է, և մենք միասին պետք է այդ բարեկարգումն իրականացնենք»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը:

 

Շրջայցի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին էին մոտենում քաղաքացիներ, ովքեր իրենց հուզող հարցերն էին հղում նրան: