ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին' Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:

 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ընդունեք մեր խորին եւ անկեղծ ցավակցությունները Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների եւ հարազատների վիշտն ու ցավը եւ շուտափույթ ապաքինում ենք ցանկանում բոլոր տուժածներին»,- ասված է հեռագրում:

 

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի կապույտ գծի «Պարկ Պոբեդի» եւ «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջեւ ընկած ուղեմասում գնացքի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է քսան մարդ, եւս գրեթե 130-ը հոսպիտալացվել են:

 

Տուժածների թվում են երկու հայազգի անձիք, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն: