Միացյալ Նահանգների Վերաքննիչ դատարանը Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման վերաբերյալ վճիռ է հրապարակել: Վերաքննիչ դատարանը պահպանել է Առաջին ատյանի դատարանի 2011թ. վճիռը, որով հանձնարարվում էր, որ բոլոր այն կառույցները, որոնք նախատեսված էին Հայոց ցեղասպանության թանգարանի համար, փոխանցվում են «Գաֆեսճեան» հիմնադրամին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Horizon weekly-ն, Վերաքննիչ դատարանի զեկույցի 37-րդ էջում մասնավորապես նշված էր, որ «շոշափելի առաջընթաց» է կատարվել Թանգարանի շենքի և գործառնությունների հանձնաժողովի կողմից' 2006թ.-ին Ժերար Գաֆեսճեանի հրաժարականից հետո, սակայն դատարանը մերժել է նոր դատական գործընթացի համար բերված փաստարկները, որոնք հիմնված են մի քանի կետերով:

 

Դատարանը կարեւորել է նոր վկայության հանգամանք' համաձայն որի, Գաֆեսճեանի աջ ձեռքը համարվող Ջոն Ուոթերսին խոստացվել էր մի նշանակալից դրամական պարգև, հենց որ Գաֆեսճեանը ստանար իր ունեցվածքները, և նաեւ այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի դատավորը պարտավոր էր բացահայտել, որ նա Գաֆեսճեանի հետ միասին Ստանիսլավ Լիբենսկու ապակյա արվեստի գործի համատեղ նվիրատվություն էր կատարել «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանին և, ըստ այդմ, հրաժարվել գործը վարելուց:

 

Փաստորեն' այս կերպ դատարանը վճիռը կայացրել է հօգուտ Գաֆեսճեան ընտանիքի, իսկ դատավ որ Ռոբերտ Ուիքինսը հույս է հայտնել, որ սա կլինի վերջին ատյանը, որտեղ կողմերը վիճարկում են թանգարանի հարցն ու դատարաններում ժամանակ ու միլիոններ չծախսելով' կկառուցեն Հայոց ցեղասպանության թանգարանի շենքը:

 

«Քանի որ մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, հուսով ենք, որ Գաֆեսճեանի ժառանգները կպահեն իրենց խոստումը, որ Գաֆեսճեանն արել էր դատարաններում, այն է' օգտագործել այս ունեցվածքը թանգարան կառուցելու համար»,- հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի (AGMM) նախագահ Հրայր Հովնանյանը: