Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի և մյուս երկու վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Վերջինս նշեց, որ պայթյունից տուժած՝ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, իսկ մյուս երկու տուժածները` Արթուր Բաղդասարյանը և Գառնիկ Ավետիսյանը, դեռևս գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում:
Նրա տեղեկացմամբ` ողնաշարի կոտրվածք ստացած Գառնիկ Ավետիսյանին պատրաստում են վիրահատության, իսկ Արթուր Բաղդասարյանը, ով ստացել էր սրունքի բաց կոտրվածք, բարեհաջող վիրահատության է ենթարկվել:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, հուլիսի 22-ին` առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում, ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել էր ականապատ տարածքում:
Մեքենայում գտնված 4 անձանցից մեկը տեղում մահացել էր, իսկ 3-ը, որոնց թվում է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ուղղաթիռով տեղափոխվել էին Երևան: