Բաքվում առաջին անգամ անցկացվել է Ադրբեջանի LGBT-ների (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորում: Միջոցառումն անցկացվել է Ադրբեջանում հայտնի «Ազադ LBGT» եւ «Նեֆես LGBT» կազմակերպությունների մասնակցությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է pia.az լրատվական կայքը' հղում կատարելով ադրբեջանական «Meydan TV» հեռուստաալիքին:
Ֆորումի անցկացման նպատակը LGBT մարդկանց իրավունքների պաշտպանության վրա ուշադրություն հրավիրելն է:
«Նեֆես LGBT» կազմակերպության ղեկավար Աթիլլա Ջավիդը հայտարարել է, որ նման ֆորումներ Ադրբեջանում կանցկացվեն նաեւ առաջիկա տարիներին: Ֆորումում ելույթ ունեցողները խոսել են LGBT կազմակերպությունների ապագա նախագծերից: Մասնակիցները հայտարարել են Ադրբեջանում LGBT մարդկանց համար առանձին ռադիոկայան բացելու իրենց մտադրության մասին:
Ֆորումի մասնակից «Ադրբեջանի ֆեմինիստ կանանց շարժման» ղեկավար Ասիման Նասիրլին' նշելով, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ գենդերային հավասարության մասին հոդված կա, ընդգծել է, որ Սահմանադրությունը, անկախ սեռից, պաշտպանում է յուրաքանչյուր անձի իրավունքը: Միջոցառման ավարտին մասնակիցների համար ցուցադրվել է համասեռամոլների մասին պատմող' «Նեֆես LGBT» կազմակերպության թարգմանած ֆիլմը: