Վրաստանի փոխվարչապետ եւ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի «եղբայր ժողովրդին»՝ Վրաստանի տարածքի զգալի մասում էլեկտրաէներգիայի անջատումից հետո ցուցաբերված օգնության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով վրացական Civil.ge լրատվական կայքը, Կալաձեն ասել է, որ դա ամենախոշոր վթարն էր վերջին 4 տարիների ընթացքում: «Մենք հայտնվել էինք ֆորս-մաժորային իրավիճակում, և Հայաստանը մեզ հոսանք մատակարարեց: Շնորհակալություն եմ հայտնում հայերին»,-նշել է Վրաստանի էներգետիկայի նախարարը:

 

Հուլիսի 27-ին էլեկտրական գծի խափանման հետևանքով Վրաստանի տարածքի մեծ մասը, ներառյալ Թբիլիսին, հոսանքազրկվել էր: Վրաստանի էներգետիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ դա պայմանավորված է եղել «Իմերեթի» 500 կՎտ-անոց էլեկտրագծի վթարով, որով իրականացվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը երկրի արևմուտքից արևելք: Վնասվել են նաև 220 կՎտ-անոց «Կոլխեթի 2» և «Պալիաստոմի 2» էլեկտրագծերը: