Առաջին համաշխարհային պատերազմն իր ուրույն ազդեցությունն ունեցավ Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի վրա: Անցյալ դարի 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել պետությունների երկու խմբավորումների միջև, մի կողմից, ավստրո-գերմանական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թվականից՝ նաև Բուլղարիա), մյուս կողմից՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվականից՝ ԱՄՆ):

 

Իր բնույթով պատերազմը զավթողական Էր. դրա բոլոր գլխավոր մասնակիցները հետապնդում Էին տարածամոլական նպատակներ։ 1914 թվականից սկսված համաշխարհային պատերազմի հետ հայ ժողովուրդը որոշակի հույսեր էր կապում' ռուսական զենքի օգնությամբ ազատագրել Արևմտյան Հայաստանը և վերականգնել իր պետականությունը։

 

Արևելահայ հասարակական–քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը։ Ռուսաստանի կողմից Արևմտյան Հայաստանի գրավումը ոչ միայն չէր հակասում հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավարների ձգտումներին, այլև կարևոր տեղ էր զբաղեցնում նրանց քաղաքական ծրագրերում։

 

Սկսված համաշխարհային պատերազմն ու Թուրքիայի պատերազմի մեջ մտնելը խիստ բարդացրին արևմտահայերի վիճակը։ Թուրքիայի կառավարող շրջանները ձգտում էին իրենց կողմը գրավել հայերին և, բանակցությունների մեջ մտնելով նրանց քաղաքական ղեկավարների հետ, առաջարկում էին կամավորական ջոկատներ ստեղծել թուրքական բանակի շարքերում և արևելահայերին ապստամբության դրդել Ռուսաստանի դեմ։ Հայերը մերժեցին այդ առաջարկները։

 

Պատերազմը սկսվելուն պես Արևելյան Հայաստանի քաղաքական շրջանները եռանդուն կերպով ձեռնամուխ եղան Հայկական կամավորական շարժման կազմակերպմանը Անդրկովկասում։ Բացի այդ, պաշտոնական տվյալներով, Ռուսաստանի յուրաքանչյուր 100 հայից 13-ը զորակոչվել էր բանակ։ Ռուսաստանի 2 միլիոնանոց հայությունը պատերազմի տարիներին ռուսական բանակին տվեց ավելի քան 200 հազար զինվոր։

 

Կովկասյան ճակատում ռազմական գործողությունները հիմնականում տեղի էին ունենում Արևմտյան Հայաստանի տարածքում։ Պատերազմը սկսվեց թուրքական զորքերի հարձակմամբ, որոնց ճնշման տակ ռուսական Կովկասյան բանակը նահանջեց՝ հակառակորդին թողնելով Ալաշկերտի դաշտը։ 1914 թվականի դեկտեմբերին թուրքական 3-րդ բանակը, էնվեր փաշայի հրամանատարությամբ, ձեռնարկեց Սարիղամիշի օպերացիան՝ Կարսի հետագա գրավման նպատակով։

 

Սակայն թուրքական զորքերի հարձակումը կասեցվեց։ Ռուսական բանակը, հակահարձակման անցնելով, ջախջախիչ պարտության մատնեց հակառակորդին։ Թուրքերը կորցրին մոտ 70 հազար մարդ և ստիպված նահանջեցին ելման դիրքերը։ 1915 թվականի ապրիլին ռուսական զորքերը նոր հաղթանակ տարան Դիլմանի ճակատամարտում, որում որոշիչ դեր խաղաց Անդրանիկի հայ կամավորների ջոկատը:

 

Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների առաջին իսկ շրջանում թուրքական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բռնի տեղահանումը Արևմտյան Հայաստանի ճակատամերձ շրջաններից։ Թուրքիայում ծավալվեց կատաղի հակահայկական քարոզչություն։ Մինչդեռ պատերազմի սկզբում թուրքական բանակ էր զորակոչվել մոտ 60 հազար հայ, ովքեր շուտով զինաթափվեցին և ուղարկվեցին թիկունք՝ ծանր աշխատանքների, ապա գլխովին ոչնչացվեցին։

 

Օգտվելով պատերազմի ընձեոած հնարավորությունից՝ երիտթուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ հայերի բարբարոսական բնաջնջմանը. այդ կանխամտածված ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 միլիոն մարդ։ Մի շարք վայրերում Օսմանյան կայսրության հայ բնակչությունը դիմեց ինքնապաշտպանության և դիմադրեց թուրք ջարդարարներին:

 

1915 թվականի գարնանը ռուսական զորքերը հարձակողական հաջող օպերացիա կազմակերպեցին Վան և Ուրմիա լճերի շրջանում, ազատագրեցին Վան քաղաքը: Վանի գրավմամբ անխուսափելի ջարդերից փրկվեցին հազարավոր վասպուրականցիներ, ովքեր այնուհետև նահանջող ռուսական զորքերի հետ գաղթեցին Արևելյան Հայաստան և Անդրկովկաս։ 1915 թվականի հուլիս-օգոստոսին Ալաշկերտի օպերացիայի ընթացքում ռուսական զորքերը պարտության մատնեցին հակառակորդին, խափանեցին Կարսի ուղղությամբ Կովկասյան ճակատը ճեղքելու թուրքական հրամանատարության ծրագիրը՝ դրանով թեթևացնելով անգլիական զորքերի գործողությունները Միջագետքում։ 1915 թվականի դեկտեմբերից 1916 թվականի փետրվարը ռուսական բանակը գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ հաջողությամբ իրականացրեց էրզրումի հարձակողական օպերացիան, որի հետևանքով ռուսական զորքերը գրավեցին էրզրումը։ Միաժամանակ ռուսական բանակի այլ զորամասեր հարձակման անցան Սև ծովի ափերով և գրավեցին Ռիզե ու Տրապիզոն նավահանգիստները։

 

1916 թվականի ամռանն արդեն Արևմտյան Հայաստանի մեծ մասը գրավված էր ռուսական զորքերի կողմից։ Կովկասյան ճակատում ռուսական բանակի հաջողությունները խթանեցին անգլո-ֆրանսական բանակցությունները Օսմանյան կայսրության ասիական տարածքները, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանը բաժանելու շուրջ և հանգեցրին 1916 թվականի Սայքս-Պիկոյի համաձայնագրի կնքմանը։ 1916 թվականի հունիսին ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանում ստեղծվեց Թուրքահայաստանի գեներալ-նահանգապետությունը։ Այսպես անհույս մնացին Արևմտյան Հայաստանում գեթ ինքնավարության ձևով հայկական պետականությունը վերականգնելու հայ հասարակական–քաղաքական շրջանների հույսերը։

 

1917 թվականի դեկտեմբերի 18-ին Երզնկայում զինադադար կնքվեց։ Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը սկսեցին լքել Արևմտյան Հայաստանը։ Օգտվելով դրանից՝ թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, հարձակման անցավ ամբողջ ճակատով։ Թուրքերը վերագրավեցին Արևմտյան Հայաստանը, 1918 թվականի մայիսին՝ Ալեքսանդրապոլը, հասան Ղարաքիլիսա (այժմ Վանաձոր), ապա Երևանի մերձակա շրջանները։ Վտանգված հայրենիքը փրկելու համար ոտքի ելած հայ ժողովուրդը կասեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը և կանխեց հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը՝ պայմաններ ստեղծելով հայ պետականության վերականգնման համար:

 

1918 թվականի հունիսի 4-ին Բաթումի պայմանագրով' Կարսից ու Արդահանից բացի, Թուրքիային էին անցնում Սուրմալուի, Շարուրի, Նախիջևանի գավառները, Էջմիածնի և Ալեքսանդրապոլի գավառների մեծ մասը։ 1918 թվականի հունիս-հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունն, ըստ էության, գտնվում էր Թուրքիայի վերահսկողության տակ։

 

Միայն Աոաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից ու 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը թողեցին Հայաստանի Հանրապետության տարածքը, Կարսի մարզը, վերականգնվեց 1914 թվականի ռուս-թուրքական սահմանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չեղյալ հայտարարեց Բաթումի պայմանագիրը։

 

Հետպատերազմյան կարգավորման ժամանակ հայկական հարցը Անտանտի երկրների օգնությամբ լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության և արևմտահայերի քաղաքական շրջանների փորձերը ապարդյուն անցան։