Ծանր հիվանդություն ունեցողի նկատմամբ կիրառված կալանքը, ինչպես Լևոն Հայրապետյանի դեպքում է, քաղաքակիրթ աշխարհում հակասում է մարդասիրական արժեքներին: Այս մասին հայտարարել է հայտնի բարերար, գործարար Վահագն Հովնանյանը, մեկնաբանելով Լևոն Հայրապետյանի կալանքը, ում առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր անցյալ շաբաթ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արցախն այսօր» մամուլի կենտրոնից, Լևոն Հայրապետյանի կալանքի իրողությունը մտահոգել է նաև ջազմեն Լևոն Մալխասյանին: Նա նշել է, որ Հայրապետյանի հետ խոսել է Երևանում և տեղեկացել, որ նրա առողջական վիճակը շատ վատ է: «Նա բարձր ճնշում ուներ և հազիվ էր խոսում»,- ասել է երաժիշտը: Դիմելով ռուսական իշխանություններին' նա խնդրել է փոխել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը' սահմանելով տնային կալանք:
Լևոն հայրապետյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման վերաբերյալ նրա բժիշկ Հենրի Բակունցը հայտարարել էր, որ եթե Հայրապետյանը մնա բանտում, նրա առողջությունը կարող է անշրջլիորեն վատանալ: Նա հայտնել էր, որ Մոսկվա է ուղարկվել Հայրապետյանի հիվանդության պատմությունը, սակայն այն դեռևս չի կցվել գործին:
Բժշկի խոսքով' Հայրապետյանը հիվանդ է քաղցկեղով, ունի անոթային հիվանդություններ, կրել է սրտի և գլխուղողի կաթված և հիվանդ է շաքարաին դիաբետով: «Լևոն Հայրապետյանին հակացուցված են բանտային պայմանները: Նման հիվանդները չպետք է գտնվեն կալանք ի տակ: Նա յուրաքնչյուր օր հաբեր է ընդունում, և եթե խախտվի դրանց ընդունման ռեժիմը, նրա վիճակը կարող է ավելի ծանրանալ»,- նշել է նա:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:
Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:
Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը:
Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռեւս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել:
Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի: