ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ և մի շարք համայնքներում ծանոթացել սկսված բերքահավաքի ընթացքին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի այցի առաջին կանգառը եղել է Արտիմետ համայնքը, որի բնակչության հիմնական զբաղմունքը բանջարաբուծությունն ու այգեգործությունն է:

 

Այս համ այնքում նախարարը հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին և տեղեկացել, որ ընթացիկ տարին այս մշակաբույսի առումով բավականին հաջող ու բերքառատ է: Մեկ հեկտարից ստացվում է մոտ 40 տոննա բերք, որն իրացվում է տեղում'մեկ կիլոգրամը 90-ից 100 դրամով:

 

Ապա նախարարն այցելել է Առատաշեն համայնք, որի բնակչությունն զբաղվում է հիմնականում հացահատիկագործությամբ ու բանջարաբուծությամբ: Այստեղ ավելի քան 446 հեկտար վարելահողերից 350 հեկտարը զբաղեցնում են հացահատիկի ցանքերը, 90 հեկտարից ավելին' բանջարա-բոստանային և այլ մշակաբույսերը, և մոտ 6 հեկտար' կարտոֆիլի ցանքերը:

 

Առատաշեն համայնքում նախարարը ծանոթացել է լոլիկի, պղպեղի, սոխի, ծիծակի բերքահավաքի աշխատանքների ընթացքին, զրուցել գյուղացիների հետ: Զրույցի ընթացքում ֆերմեր Վաչիկ Կիրակոսյանը, գոհունակություն հայտնելով այս տարվա բերքից, նշե լ է, որ տարին համայնքում բերքառատ է լինելու:

 

Սերգո Կարապետյանն այցելել է նաև Հովտամեջ, Զարթոնք և Ծիածան համայնքներ, որտեղ ներկա է գտնվել կաղամբի, ձմերուկի ու սեխի բերքահավաքի աշխատանքներին:

 

Այցի շրջանակներում նախարարը եղել է նաև Հացիկ համայնքում, որի զարգացման գերակա ուղղություններն են պտղագործությունն ու խաղողագործությունը: Այստեղ նա այցելել է դեղձի և սալորի այգիներ, զրուցել գյուղացիների հետ, ում հիմնական խնդիրը կապված է ոռոգման ջրի սակավության հետ:

 

Այս տարի առատ բերք է սպասվում. մարզում 3 000 հեկտար լրացուցիչ հող է մշակվել և մշակովի հողերի ծավալները հասել են 78 տոկոսի, որից՝ 640 հեկտարը' բանջարանոցային մշակաբույսեր, 120 հեկտարը' կարտոֆիլ, 200 հեկտար' բոստանային մշակաբույսեր են, ինչն աննախադեպ երևույթ է մեր հանրապետության համար: «Մարզում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմել է 45 ցենտներ և լրացուցիչ մշակվել է 1000 հեկտար հացահատիկային մշակաբույսեր», - ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ ամփոփելով Արմավիրի մարզ կատարած այցի արդյունքները:

 

Սերգո Կարապետյանն անդարադարձել է նաև լոլիկի բերքահավաքին և նշել է, որ առաջիկայում կսկսվի այս մշակաբույսի մասսայական բերքահավաքը. վերամշակող ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մթերել ողջ բերքը, և լոլիկի մթերման գինն Արմավիրի վերամշակող ընկերությունների հայտարարությամբ' կկազմի 40 դրամ՝ մեկ կիլոգրամի համար:

 

Նախարարը խոսել է մարզի սակավաջրության խնդրի մասին և նշել, որ այս տարի, ընդհանուր առմամբ, սակավաջուր տարի է, և քայլեր են ձեռնարկվում այդ խնդրի լուծման ուղղությամբ: