«Ծովասար Սևան» ընտանեկան հանգստի համալիրը՝ 10 000 մ2 տարածքով, Սևանա լճի ափին՝ Սևան-Գավառ ճանապարհի 7-րդ կմ-ի վրա կառուցված եզակի համալիր է՝ նախատեսված ընտանեկան անվտանգ և հարմարավետ հանգստի, բնակության համար։ Համալիրի շինարարությունը սկսվել է 2011 թ. մայիսին. այն լիարժեք շահագործման է հանձնվել 2014 թ. հուլիսին` զբոսաշրջային ակտիվ շրջանին ընդառաջ։ Շինարարության առաջին փուլում կառուցվել են գլխավոր մասնաշենքն ու քոթեջները, երկրորդում՝ բարեկարգման է ենթարկվել տարածքն ու ավարտվել մնացյալ աշխատանքները։ Գեղամա գեղեցկուհու ափին այսպիսի բարձրակարգ կառույցի բացման առթիվ Lurer.com-ը ներկայացնում է հարցազրույց ծնունդով Գեղարքունիքի մարզից, ներդրման իրականացնող Իշխան Սաղաթելյանի հետ։
-Պարոն Սաղաթելյան, շնորհավորում ենք Ձեզ «Ծովասար» ընտանեկան հանգստի համալիրի բացման կապակցությամբ։ Առաջին և, թերևս, բնական հարցը՝ գաղտնիք չէ երևի, որ մեր օրերում անշարժ գույքի գների նվազումից բողոքում են անգամ Երևանում կառուցապատող ընկերությունները, ի՞նչը Ձեզ դրդեց նման ծավալուն ներդրում իրականացնել մարզում։
-Շնորհակալ եմ։ Մեր ընկերությունը, որն աշխատում է անշարժ գույքի շուկայում, 2011 թ. իր առջև խնդիր դրեց ներդրում իրականացնել Սևանի ափին և կառուցել ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխան ընտանեկան հանգստի համալիր, ուր ամեն հայ, լինի նա սփյուռքից կամ Հայաստանից, հնարավորություն կունենա ունենալու իր սեփական բնակարանը կամ առանձնատունը Սևանի ափին։ Ցանկության դեպքում բնակարանների կամ քոթեջների սեփականատերերը կարող են իրենց գույքը վարձակալության պայմանագրով հանձնել մեզ՝ որպես հյուրանոցային համար տրամադրելու համար։ Այս մեխանիզմով համալիրը, բնականաբար, լայն հնարավորություններ է ընձեռում նաև բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան իրենց ընտանեկան հանգիստը կազմակերպել Սևանի ափին։ Կուզենայինք հատուկ նշել, որ համալիր, որը միայն նախատեսված լինի ընտանեկան հանգստի համար, Սևանում չկա, և մեր ներդրման նպատակը նաև այս բացը լրացնելն էր։ Հավելենք նաև, որ նման խոշորածավալ կառույց վերջին տարիներին Սևանում չի հիմնվել, և գաղտնիք չէ, որ մի շարք ափամերձ հյուրատներ կամ ռեստորաններ բացվել են դեռ խորհրդային տարիների կառույցները վերանորոգելու և հարմարեցնելու միջոցով։ «Ծովասարի» առանձնահատկությունը հենց այն է, որ համալիրը հիմնվել է զրոյական վիճակից, և հիմքից մինչև տանիք կառուցվել ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների և բարձրորակ շինանյութերի կիրառմամբ։
-Ի՞նչ պոտենցիալ ունի Սևանն այսօր զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։
-Ինչպես ՀՀ-ի շատ վայրեր, Սևանը նույնպես ունի զարգացման մեծ և դեռևս չօգտագործված պոտենցիալ, և մեր այս ներդրումն էլ, բնականաբար, ուղղված էր նաև Սևանի զարգացմանը։
-Սևանա լճի մակարդակի բարձրացումը հնարավո՞ր է, որ մի օր խնդիր առաջացնի համալիրի համար։
-Գիտեք՝ մտավախությունը տեղին է, և մեզ հաճախակի են տալիս այդ հարցը։ Ցանկանալով փարատել մարդկանց մտավախությունները՝ նշեմ, որ շինություններին ոչ մի կերպ չի սպառնում ջրի տակ մնալու վտանգը, քանի որ նկատի ունենալով Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսումները՝ շինարարությունը կատարվել է կառավարության կողմից հաստատված չափորոշիչների, նորմերի և նիշերի խիստ պահպանումով։ Հիմնական շինությունը կառուցվել է ծովի մակերևույթից 1908 մ բարձրության վրա, իսկ շինությունների թույլտվությունը տրվում է 1905 մետրից սկսած։ Հետևաբար, լճի մակարդակի ակնկալվող բարձրացումը ոչ մի կերպ չի սպառնում գույքի անվտանգությանը։ Հատուկ կուզենայի շեշտել, որ շուրջ 3 տարի տևած շինարարության մեջ կիրառվել են այնպիսի չափորոշիչներ, որոնք, հաշվի առնելով Սևանի բնակլիմայական պայմանները, ապահովում են մարդկանց ընտանեկան հանգիստը կամ բնակությունը նաև ձմռան ամիսներին։
-Ինչպես երևում է լուսանկարներից՝ նախկինում «Ծովասարի» տարածքը ամայի է եղել։
-Այո, ափի այն հատվածը, որտեղ մենք կառուցեցինք համալիրը, չուներ ոչ մի ենթակառուցվածք. ճանապարհ, հոսանք, գազ, ջրամատակարարում և այլն։ Հիմա արդեն, չնայած մեծ ծախսերի գնով, տարածքում առկա են բոլոր այդ պայմանները, որոնք լայն հնարավորություն են ընձեռում ափի հետագա ներդրումների և զարգացման համար։ Ուրախ եմ նաև, որ զարգացման դրոշակակիրը հանդիսացավ հենց «Ծովասարը»։
-Բնական է՝ հեշտ ու հանգիստ չի վեր խոյացել համալիրը և, անշուշտ, եղել են նաև դժվարություններ։ Որո՞նք կառանձնացնեիք այսօր։
-Բնականաբար շատ են եղել դժվարությունները, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի. բնական և արհեստական։ Բնականների մասին խոսք եղավ վերևում՝ առաջին խոշոր ներդրումը ոչ մի ենթակառուցվածքային հարմարություն չունեցող ափին և այլն, ինչ վերաբերում է արհեստականին, ապա, երևի նորություն չենք հրապարակի, եթե ասենք, որ դրանք կապված են զանազան թղթաբանական-բյուրոկրատական քաշքշուկների և թույլտվությունների հետ, որոնք արհեստականորեն դանդաղեցնում են շինարարության ընթացքը։ Ամեն դեպքում՝ դրանք անցյալում են և, չնայած դժվարություններին, «Ծովասարն» այսօր փաստաթղթային առումով ևս անթերի է, որը նաև հնարավորություն է ընձեռում սեփականատերերին ազատորեն տնօրինել իրենց գույքը՝ վերավաճառել կամ հանձնել պայմանագրային վարձակալության, որը կարող է դառնալ կայուն եկամտի աղբյուր։
-Գաղտնիք չէ, որ Գեղարքունիքի մարզը ևս իր արտագնա աշխատանքի մեկնողների թվակազմով առաջնային տեղերից մեկում է։ Շուրջ երեք տարի տևած շինարարությունը ինչ-որ կերպ նպաստե՞ց տեղում աշխատատեղերի ստեղծմանը։
-Իհարկե։ Լինելով սևանցի, դրանում առաջին հերթին ինքս էի շահագրգռված։ Ինձ համար հարազատ մարզում շուրջ երեք տարի 3 տասնյակ ընտանիքների համար աշխատատեղ ապահովելն ուներ ուներ նաև բարոյական մեծ նշանակություն։ Եթե իմ օրինակին հետևեն շատ ընկերություններ և նման նախագծերը դառնան շարունակական, համոզված եղեք, որ Գեղարքունիքում կարող ենք նվազեցման իմաստով դրական ազդեցություն թողնել արտագնա աշխատանքի մեկնողների թվի վրա։ Ավելորդ չեմ համարում նշելու, որ շինարարության ավարտից հետո էլ մոտ մեկ տասնյակ կայուն և երկարաժամկետ աշխատատեղեր են բացվելու առաջիկայում համալիրի սպասարկումն իրականացնելու համար։
-Ինչպիսի՞ ծրագրեր կան «Ծովասար» համալիրի հետ կապված, որոնք կիրագործվեն մոտ ապագայում։
-Նշեմ, որ համալիրն այսօր պատրաստ է լիարժեք կազմակերպելու և ապահովելու իր բնակարանատերերի հանգիստը, որոնք արդեն բավական թիվ են կազմում։ Սա նշանակում է, որ մենք ավարտել ենք շինարարության հիմնական փուլը։ Հաջորդիվ նախատեսվում է նոր աշխատանքներ որոնք ավելի ամբողջական և հաճելի կդարձնեն մարդկանց հանգիստը։
-Պարո՛ն Սաղաթելյան, համալիրի բացմանը, որը տեղի ունեցավ օրերս, իր ներկայությամբ պատվել էր նաև երկրի Նախագահը։ Ի՞նչ գնահատականներով և տպավորություններով հեռացավ նա։
-ՀՀ Նախագահի ներկայությունն ինքնին նշանակում էր, որ այսօր մեծապես կարևորվում է ՀՀ մարզերում ներդրումային ծրագրերի իրականացումը։ Մենք, ի տարբերություն շատ այլ ընկերությունների, մեր առաջին խոշոր ներդրումն իրականացրեցինք մարզում, որը, ինչպես Դուք առաջին հարցադրման մեջ նշեցիք, համարվում էր խիստ ռիսկային քայլ։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ եթե աշխատանքի մեջ կա հավատ, սեր և նվիրվածություն, կարելի է և հաջողության հասնել։ Այս իմաստով կարևոր ենք համարում Նախագահի այցելությունը, որի համար շնորհակալ ենք։ Ինչ վերաբերում է գնահատանքին, այն շատ բարձր եղավ Նախագահի կողմից, հնչեց նաև հորդոր, որ ավելի մեծ ուշադրություն հատկացնենք ենթակառուցվածքներին, որպեսզի մարդկանց հանգիստը դառնա առավել քան հաճելի։
Հարցազրույցը վարեց Վահե Սարգսյանը