Միջազգային հանրությունը հանդես է եկել Բաքվում ադրբեջանցի իրավապաշտպան, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսի ձերբակալությունը դատապարտող հայտարարություններով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, «Նորվեգիայի մարդու իրավունքների տուն» հիմնադրամը ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի' Բաքվում ձերբակալությունը եւ նրա ամուսնու' Արիֆ Յունուսի հետապնդումը բնութագրել է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավապաշտպանների եւ ակտիվիստների դեմ աննախադեպ «բռնաճնշումների ալիքի» մաս: «Այդ ձերբակալությունը Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալության եւս մեկ փաստ է», -նշել է նորվեգական հիմնադրամը, եւ հավելել, որ ադրբեջանական իշխանությունները Լեյլա եւ Արիֆ Յունուսներին մեղադրում են նույն մտացածին մեղադրանքներով, ինչ արել են Ընտրությունների մոնիտորինգի եւ դեմոկրատիայի ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի եւ կենտրոնի գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըի նկատմամբ:

 

Միջազգային Amnesty International կազմակերպությունը Լեյլա Յունուսի ձերբակալությունն անվանել է Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակի նոր օրինակ:

 

«Լեյլա Յունուսը մտացածին մեղադրանքներով ձերբակալվել է Ադրբեջանի կառավարությանը քննադատելու համար», -հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Նատալյա Նոզաձեն' հավելելով, որ ներկա դրությամբ Ադրբեջանում նվազագույնը 19 խղճի դատապարտյալներ կան: «Լեյլա Յունուսը Ադրբեջանում մնացած վերջին անկախ ձայնն է: Կառավարությունը երկար ժամանակ վախեցնում եւ սպառնալքիներ էր տեղում նրա հասցեին' փորձելով լռեցնել նրան: Իսկ այժմ էլ անցել է մեղադրանքների եւ ազատազրկման: Այդ ձերբակալությունը միանշանակ, կառավարությանն արած նրա քննադատության պատճառով է: Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պարտավորությունների հետ կապված պետք է հաշվետվություն պահանջեն Ադրբեջանի իշխանությունից», -հայտարարել է Ն.Նոզաձեն:

 

Բրիտանական Index of Censorship կազմակերպությունը հիշեցրել է, որ Մամուլի ազատության Ինդեքսում Ադրբեջանը 160-րդ տեղում է, Freedom House-ի ինդեքսում' 183-րդ տեղում, ներկայում Ադրբեջանում 10 լրագրող դատապարտվել են երկարատեւ ժամկետներով ազատազրկման, ձերբակալված են 5 բլոգեր եւ 8 հասարակական ակտիվիստ, եւ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում եւ պարտավորություններ է ստանձնել մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

 

Լեյլա Յունուսը երեք ամիս ժամկետով ձերբակալվել է «պետական դավաճանության», «հարկերից խուսափելու», «ապօրինի ձեռնարկատիրության», «փաստաթղթեր կեղծելու», «խարդախության» հոդվածներով: Արիֆ Յունուսի նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել «պետական դավաճանության» եւ «խարդախության» հոդվածներով: