Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նիստի շրջանակներում քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգը: ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ Գևորգ Դանիելյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց հայեցակարգում նշված այն մոտեցումները, որոնք վերաբերում են տեղական ինքնակառավարման ինստիտուտին:
Գևորգ Դանիելյանի դիտարկումներով' տեղական ինքնակառավարման համակարգի իրավական բարեփոխումների հատվածը առավել արդիականներից և միաժամանակ վիճահարույցներից մեկն է: «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի շրջանակներում մենք մեր առջև դրեցինք մի շարք խնդիրներ, որոնք փորձեցինք լուծել: Առաջին կարևոր հարցն այն է, թե ինչպիսի իրավական կարգավորում պետք է ունենա տեղական ինքնակառավարումը:
Բոլորդ էլ գիտեք, որ ընդունվում են տեղական ինքնակառավարման մասին օրենքներ, որոնք այս կամ այն չափով ամրագրում են ՏԻՄ-երի լիազորությունները, բայց միջազգա յին փորձն ու տեղական ինքնակառավարման ինստիտուտի անհրաժեշտությունը վկայում է այն մասին, որ իրավակարգավարման այս մոտեցումները ժամանակավրեպ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը:
Նրա խոսքով' տեղական ինքնակառավարման թեմայի առանցքում հայտնված հաջորդ խնդիրը համայնքների խոշորացման հարցն է: «Կառավարման մարմինները հակված են նրան, որպեսզի համայնքները խոշորացվեն, քանի որ դա կնպաստի դրանց արդյունավետ կառավարմանն ու միջոցների խնայմանը, որը, սակայն, Սահմանդրության խնդիրը չէ»,- նշեց Գևորգ Դանիելյանը' հավելելով, որ համայնքների ուղղակի միավորման դեպքում կարող են առաջ գալ մի շարք խնդիրներ:
Նրա փաստարկմամբ' կան համայնքներ, որոնք տարածքային կտրվածքով միավորված են, բայց իրավական հիմքերով դա չի հաջողվում իրականացնել: «Մարդիկ ուղղակի չեն համաձայնվի: Երբեմն առաձնին համայնքներ իրար հետ չեն համագործակցում, նույնիսկ համայնքներ կան, որ իրար աղջիկ չեն տալիս: Այս պարզունակ մոտեցումները հազիվ թե բերեն հաջողության»,- նկատեց բանախոսը:
Նրա տեղեկացմամբ' առաջարկվում է վերականգնել տեղական ինքնակառավարման շրջանային մարմինները, գյուղերում վարչական շրջաններ ստեղծել, որոնք առկա են Երևանում: Վարչական շրջանների ղեկավարները կլինեն նշանակովի պաշտոնյաներ, որը ավելի կառավարելի կդարձնի համակարգը:
«Մենք առաջարկում ենք, որ միջհամայնքային միավորումներն առավել ակտիվ գործեն, իսկ դա անելու համար դրանք պետք է ունենան տեղական ինքնակառավարման մարմնի կարգավիճակ: Բացի այդ, միջհամայնքնային միավորումներից զատ լինեն միջհամայնքային կազմակերպություններ:
Մենք հաճախ ակնկալում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները ունենան գրագետ կադրեր, բայց մենք նախ չունենք այդքան կադրեր, մյուս դեպքում էլ' եթե ունենանք էլ, նպատակահարմար չի լինի յուրաքանչյուր համայնքի կցել իրավաբաններ, այլ մասնագետներ: Միջհամայքնային միավորումները կարող են այս խնդիրը լուծել: 20-30 համայնքներ կարող են օգտվել մեկ միջհամայնքային կազմակերպության ծառայություններից»,- ավելացրեց Գևորգ Դանիելյանը:
Նիստի մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին զեկուցողին, հայտնեցին նաև իրենց մտահոգություններն ու դիտարկումները:
Մասնագետների կողմից մշակվել է սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգ, որը բազմաթիվ լսարաններում քննարկումների առարկա է դարձել: