Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը ղարաբաղյան ճակատում զոհված զինծառայողների ընտանիքներին ցավակցություն է հայտնել, իսկ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շարունակում է լռություն պահպանել Ադրբեջանը ցնցած այդ ցավալի իրադարձության առնչությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է virtualaz.org լրատվական կայքը' նշելով, որ Հասանովի այդ պահվածքը զայրացրել է ադրբեջանական հասարակությանը:
Կայքը հայտնում է, որ այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը խոսում է 9 զոհ ունենալու մասին, France Presse-ը, հղում կատարելով Հայաստանի ՊՆ բարձրաստիճան աղբյուրին' հայտնում է ադրբեջանական կողմից 14 զինծառայողների զոհվելու մասին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովից միջադեպի հետ կապված դեռեւս որեւէ բացատրություն եւ հայտարարություն չի արվել: Պաշտպանության նախարարությունը բավարարվել եւ գործն ավարտել է 9 զինծառայողների զոհվելու մասին կարճ հաղորդագրություն տարածելով: Ֆրանսիական գործակալությունը հայտնում է, որ ադրբեջանական բանակի հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել է անցնել շփման գիծը, սակայն, շրջապատման մեջ է ընկել: Հայկական աղբյուրները պնդում են, որ մարտական գոտում դեռեւս ադրբեջանցի զինծառայողների դիակներ կան մնացած», -զայրացած հայտնու մ է ադրբեջանական կայքը:
Virtualaz.org-ն անդրադարձել է նաեւ ԼՂՀ հյուսիս-արեւելյան հատվածում ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի վնասազերծման ժամանակ վերջիններից խլված հատուկ սպառազինության եւ տեխնիկական սարքավորումներների լուսանկարները ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից հրապարակելուն եւ նշել, որ Ադրբեջանի ՊՆ-ն դեռեւս չի արձագանքել դրան:
«Տեղական մամուլը զոհված զինծառայողների վերաբերյալ տարբեր թվեր է հրապարակում: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ այդ մասին դեռեւս պաշտոնական տեղեկատվություն չունի եւ հայտարարությամբ հանդես կգա հստակեցումից հետո», -նշում է կայքը: