Պաշտոնական Բաքուն չի կատարում դեռ 1996 թվականին իր իսկ կողմից ստորագրված մի կարևոր փաստաթղթի պահանջները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' tert.am-ի հետ հարցազրույցում նման դիտարկում է արել ՌԴ պաշտոնաթող դիվանագետ, ԵԱՀԿ ՄԽ-ում ՌԴ-ն ներկայացնող նախկին համանախագահ, ԼՂ հակամարտության կարգավորման Ռուսաստանի առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովն' ընդգծելով, որ իր բոլոր հնչեցրած տեսակետները իր անձնական տեսակետներ են:
Պաշտոնաթող դիվանագետն, անդրադառնալով սահմանային միջադեպերին և զոհերին, արձանագրել է, որ Բաքուն չի կատարում դեռ 1996 թվականին իր իսկ կողմից ստորագրված մի կարևոր փաստաթղթի պահանջները և նման հարցադրում արել. «Սա Ադրբեջանի կողմից պաշտոնապես ստանձնած պարտավորությունների խախտման աղաղակող դեպքերից մեկն է: Սրանից հետո քանի՞ գրոշ արժեն Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է: Որտե՞ղ է այդ վստահելիությունը»:
Ներկայացնում են հարցազրույցն ամբողջությամբ:
-Պարո՛ն Կազիմիրով, այն, ինչ կատարվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և մեր սահմանին՝ արդյո՞ք սա պատերազմի նախաշեմն է:
-Չեմ կարծում, որ դա կբերի պատերազմի, բայց դժբախտությունն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության ելման կետը, ինչպես իրենք են արտահայտվում՝ «օկուպանտներին» հանգիստ չտալն է, և դրա համար հարմար են բոլոր միջոցները: Չէ՞ որ այս նախադեպերի քանակի, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մոտ տարածքներում, այլև՝ հայ-ադրբեջանական սահմանին, հիմնական պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը, խախտելով 1994 թ. փետրվարի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից ստորագրված փաստաթուղթը, հրաժարվել է իրագործել շփման գծի կողմերի հետքաշումը:
Այսինքն՝ փոխանակ նրա, որ համա ձայն պայմանավորվածության, կողմերն իրենց ուժերը հետ կքաշեն որոշակի կիլոմետր հեռավորության վրա, իսկ ծանր տեխնիկան՝ ավելի հեռու, և այդպիսով միջոցներ կձեռնարկվեն հրադադարի ապահովման համար, սրա փոխարեն Ադրբեջանը մնացել է նախկին դիրքերի վրա: Ադրբեջանը հրաժարվեց հետ քաշել իր ուժերը՝ ասելով, որ թող միայն հայերը իրենց ուժերը հետ քաշեն: Ահա, այս ՝ համաշխարհային պրակտիկայում լայնորեն տարածված և այս փաստաթղթում ամրագրված պայմանն է խախտում Ադրբեջանը: Սրանք բոլորին հայտնի բաներ են:
Ավելին՝ տարիների ընթացքում, Ադրբեջանի ղեկավարությունը, արդեն Իլհամ Ալիևի օրոք, հակառակը, որոշ տեղերում ավելի է մոտեցրել իր դիրքերը: Այսինքն՝ անընդհատ առաջ էին բերվում ադրբեջանական դիրքերը և մշտապես մեծանում էր պատահական, էլ չեմ ասում՝ հատուկ դրդված, միտումնավոր միջադեպերի հնարավորության դաշտը:
Նույն կերպ պետք է կարգավորվեին նաև հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցերը. սա առաջարկվել է միջնորդների կողմից։ Անձամբ եմ բանակցել Ադրբեջանի և Հայաստանի Նախագահների հետ, հաստատ ամսաթիվը հիմա չեմ մտաբերում, բայց ես համաձայնության նախագիծը ներկայացրել եմ և ադրբեջանական կողմը, թեպետ մասնակցել է այդ փաստաթղթի մշակման աշխատանքներին, բայց խուսանավեց դրա ստորագրումից:
Ահա, պայմանավորվածությունների խախտման այն «փունջը» Ադրբեջանի կողմից՝ դեռ այն ժամանակ, երբ նոր-նոր էր նախապատրաստվում ու իրագործվում հրադադարը:
Եվ, վերջապես, վերջին կետը. նկատի ունենալով, որ հատուկ կարող է այսպիսի լարված, ռիսկային իրավիճակ ստեղծվել, մենք՝ շվեդների հետ միասին, որոնք այն ժամանակ Մինսկի խմբում համանախագահ երկիր էին, 1995 թ. փետրվարի 4-ին ներկայացրել ենք հրադադարի ամրապնդման նոր համաձայնագրի նախագիծ, որը քննարկվել է և՛ անձամբ Հեյդար Ալիևի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, և ստորագրվել հակամարտության բոլոր երեք կողմերի կողմից, բայց այդպես էլ չի իրականացվում: Ուզում եմ նշել, որ այս փաստաթուղթն ուժի մեջ է մտել 1995 թվականի փետրվարի 6-ին, բայց Բաքուն չի կատարում Համաձայնագրի պ ահանջները:
Սա Ադրբեջանի կողմից պաշտոնապես ստանձնած պարտավորությունների խախտման աղաղակող դեպքերից մեկն է: Սրանից հետո քանի՞ գրոշ արժեն Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է: Որտե՞ղ է այդ վստահելիությունը:
-Դուք այն կարծիքին եք, որ չնայած սահմանային միջադեպերի ավելացմանը, բանը պատերազմի չի հասնի՞:
-Կցանկանայի հավատալ դրան, քանի որ չափազանց մեծ է սխալների գինը, պատերազմական գործողությունների վերսկսման սխալի գինը: Սրանում ադրբեջանական կողմը կարող էր բազմիցս համոզվել. ինչքան Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժով, տեսել է, թե ինչի են այդ փորձերը վերածվել: Այն է՝ բողոքների, որ գրավված են նախկին՝ Խորհրդային Ադրբեջանի յոթ շրջաններ:
-ՀՀ–ում և ՌԴ–ում կան վերլուծաբաններ, ովքեր պնդում են, որ Ռուսաստանի համար ստրատեգիական առումով Ադրբեջանը հիմա ավելի կարևոր երկիր է, քան Հայաստանը:
-Շատ զգուշությամբ եմ վերաբերում անգամ հարգարժան վերլուծաբանների եզրահանգումներին, քանի որ դրանք սուրճի մրուրի վրա գուշակություններ են: Նրանք ոչ թե պրագմատիկներ են, իրատեսներ, այլ մարդիկ, որոնք տեսականացնում են իրավիճակը, այն դեպքում, երբ պետք է նայել հենց հարցի պրագմատիկ կողմին: Ինչու՞ պետք է Ադրբեջանը ավելի կարևոր երկիր լինի Ռուսաստանի համար. սրանք ուկրաինական իրադարձությունների շուրջ խորհրդածություններ են, ոչ ավելին:
-Ռուսական կողմը հաճախ է բացատրում, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին: Որ միևնույն է՝ զենքը կգնեն ուրիշ տեղից:
-Եթե Ադրբեջանը չգներ այն սպառազինությունը, որը յուրացված է ադրբեջանական զինուժի կողմից, և դա վերցներ կամ ՆԱՏՕ-ից, կամ՝ այլ գործընկերներից, ապա ինչո՞վ իրավիճակն ավելի լավը կլիներ: Միևնույն է՝ Ադրբեջանը ձեռք կբերեր այդ սպառազինությունը: Իսկ այս պարագայում մնում են, այսպես ասած, զսպման բազմաթիվ թելեր, որոնք տվյալ դեպքում Ռուսաստանի ձեռքում են:
-Վերջերս Ստեփանակերտը հանդես եկավ հայտարարությամբ, որ դեմ են Մադրիդյան սկզբունքներին: Այն դեպքում, երբ այս փաստաթուղթն արդեն հինգ-վեց տարի է՝ սեղանի վրա է: Ինչով է սա, ըստ Ձեզ, պայմանավորված: Կուրսի փոփոխությո՞ւն:
–Անձամբ ծանոթ չեմ այս հայտարարություններին, որպեսզի մեկնաբանեմ: Ո՞ւմ շուրթերով են այդ հայտարարությունները արվել:
-Արցախի վարչապետի:
-Դե, որքան ես եմ հասկանում, նման գործերին ավելի շատ առնչություն ունեն Նախագահն ու արտաքին գործերի նախարարը: Ես վստահ չեմ, թե որքանով է հիմնավորված այն, ինչ ասվում է վարչապետի կողմից: Բայց սա ԼՂ իշխանությունների գործն է:
-Կա կարծիք, որ Իրանն ու Ռուսաստանը հիման բավական բարդ հարաբերություններ ունեն, և օրինակ՝ այս տարվա հուլիսի 18-ին Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ կտրականապես դեմ է ԼՂ տարածքի մոտ խաղաղարար ուժերի տեղակայմանը: Սա նոր չէ, բայց նման կտրուկ կերպով կարծես առաջին անգամ է ասվում:
-Կարծում եմ՝ խաղաղարար ուժերի տեղակայման մասին խոսելը դեռ շատ վաղ է, հարցը այս կետին դեռ չի հասել: Այնպես որ պարոն դեսպանի նմանատիպ հայտարարություններն առնվազն վաղաժամ են: Չէ՞ որ Թեհրանի համար խոսքն ավելի շուտ ոչ թե այն մասին է, որ անընդունելի են խաղաղարար ուժերն առհասարակ, այլ այն մասին, որ իրանական կողմը, ունենալով որոշակի ռեզերվներ, ձեռնպահ է մնում այս խաղաղարար ուժերի կազմը, ազգա՛յին կազմը հավանության արժանացնելուց: Կարծում եմ, որ ավելի շուտ խոսքը հենց այս մասին է:
-Նաև դեսպանը ասել էր, որ խաղաղարար ուժերի տեղակայումը կվտանգի ողջ տարածաշրջանը: Ձեր անձնական կարծիքը:
-Սա կախված է նրանից, թե ինչ կազմ կունենան այդ խաղաղարար ուժերը: Բայց կրկնում եմ՝ այս հարցը դեռ որոշված չէ ո՛չ համանախագահների, ո՛չ հակամարտության կողմերի կողմից: Այնպես որ, այս հարցով լեզվական ճակատամարտեր տալը, սրա վաղաժամ լինելու պատճառով, պարզապես անիմաստ է: Դրան գործը չի հասել, այլ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն դրանից առաջ:
-Իսկ բանակցային գործընթացին ի՞նչ գնահատական կտաք, այն փակուղու՞մ է:
- Բանակցային գործընթացը արդեն բազում-բազում տարիներ դուրս չի գալիս այդ փակուղուց: Իսկ սրա համար, նախ, անհրաժեշտ է Ադրբեջանի՝ առավել կոնստրուկտիվ դիրքորոշում: Այն է հրաժարում՝ ԼՂ հակամարտության ուժի կիրառմամբ լուծումից. ինչո՞ւ Ադրբեջանը համառորեն չի ուզում ստորագրել ուժ չկիրառելու մասին Համաձայնագիրը: Ահա թե որտեղ է թաքնված խնդիրը: