Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման ծրագրով Ավան վարչական շրջանում կվերանորոգվի 5100 քմ մակերեսով հարթ տանիք: Միաժամանակ նախատեսված է հիմնանորոգել նաև Աճառյան փողոցի թիվ 13 և թիվ 30 շենքերի թեք տանիքները: Ավան վարչական շրջան կատարած շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ աշխատանքների կեսից ավելին արդեն կատարված է:
«2014 թվականին մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կնորոգվեն շուրջ 500 շենքերի 72 հազար 639 քմ ընդհանուր մակերեսով հարթ տանիքներ, ինչի համար Երևան համայնքի բյուջեով նախատեսվել է 245 հազար 984 հազար դրամ: Համայնքի բյուջեով ևս նախատեսվել է 294 հազար 600 դրամ տրամադրել բազմաբնակարան շուրջ 600 շենքերի շուրջ 43 հազար ընդհանուր մակերեսով թեք տանիքների վերանորոգման համար: Ներկայումս ավարտված են դրանցից 298-ի վերանորոգման աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտնեց քաղաքապետը:
Տանիքների նորոգմանը զուգահեռ աշխատանքներ են ընթանում նաև բազմաբնակարան շենքերի մուտքերում: Երևանի քաղաքապետի խոսքով' վարչական շրջանի ծրագրով կնորոգվի թվով 19 բազմաբնակարան շենքի 40 մուտք: «Եվս 16 շենքի 22 մուտք կնորոգվի համատիրությունների միջոցներով»,- ասաց Տարոն Մարգարյանը:
2014 թվականի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կնորոգվեն բազմաբնակարան շենքերի 727 մուտքեր, որի համար համայնքնային բյուջեով նախատեսված է 331 մլն 263 հազար դրամ: