Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայում վտարանդի գնդապետ Իսա Սադըգովը ԼՂՀ հյուսիսարեւելյան սահմանում ադրբեջանական բանակի հետախուզական-դիվերսիոն գործողությունը ԼՂՀ պաշտպանական բանակի կողմից կասեցվելու արդյունքում ադրբեջանցի 9 զինծառայողների զոհվելու մեջ մեղադրել է այդ երկրի ՊՆ ղեկավարությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, axar.az-ի հետ զրույցում Սադըգովն ասել է. «Ցնցված եմ: Շատ ծանր կորուստ է: Սա այլեւս աղետ է: Փոքր մի միջադեպում այդքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է»:
Ռազմական փորձագետը տեղի ունեցածը կապել է ադրբեջանական բանակում առկա լուրջ խնդիրների, ՊՆ ղեկավարության անկարողության եւ ոչ արհեստավարժ լինելու հետ: «Մեկ փոքր գործողության ժամանակ 11 հոգու մահը ցավալի փաստ լինելու հետ նույնքան ամոթալի է ռազմական իրականության մեջ:
Այս փաստի համար ՊՆ-ի առաջ պատասխանատվություն է կրում այդ տարածքի կորպուսի հրամանատրությունը, ՊՆ-ն էլ' Գլխավոր հրամանատարի առաջ: Ակնհայտ է, որ չնայած մեր ունեցած առավելություններին, թշնամին մեզնից չի վախենում: Դրա պատճառը բանակի ղեկավարության մեջ է»,- ասել է նա:
Իսա Սադըգովը նաեւ ընդգծել է, որ ավելի շատ կորուստ միշտ տալիս է հարձակվող կողմը:
«Ռազմարվեստից հասկացող յուրաքանչյուրը գիտի, որ ավելի շատ կորուստ տալիս է հարձակվող կողմը: Եթե մենք 11 հոգի ենք կորցրել, ինչքա՞ն կորուստ են տվել հարձակման անցած հայերը: Ինչո՞ւ պաշտպանության նախարարությունը չի հայտնում այս փաստերը:
Եթե ուշադրություն եք դարձրել, պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտման մասին հանգստյան օրերին չի հայտնում: Ի՞նչ է, այդ օրերին հրադադարը չի՞ խախտվում: Եթե թշնամին հարձակվել է կեսգիշերին, նշանակում է մեր պաշտպանության նախարարությունը քնած է եղել», -ադրբեջանական ՊՆ-ին ծաղրել է Սադըգովը: