Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ օգոստոսի 3-ի երեկոյան հակառակորդի կողմից կրկին բացված կրակի արդյունքում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: «Արմենպրես»-ը զրուցեց վերջին շրջանում գրեթե ամեն օր ադրեբջանական կրակահերթերի տակ հայտնվող համայնքների ղեկավարների հետ: Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղի ղեկավար Սամվել Սաղոյանը նշեց, որ կրակոցների հետևանքով միշտ էլ նյութական վնասներ հասցվում են, որը, սակայն, իրենց չի մտահոգում: «Մեր տները արդեն վնասված են այդ կրակոցներից: Կարևորը մենք դուխով ենք, ոչ ոք դուրս չի եկել գյուղից»,-հայտնեց Սաղոյանը' հավելելով, որ հայկական ամուր բանակը կանգնած է իրենց մեջքին, իսկ հայոց սահմաններն անձեռնմխելի են: Հարցին ի պատասխան, թե շարունակվում են, արդյոք, գյուղատնտեսական աշխատանքները, գյուղապետը նշեց, որ ներկայում կոմբայնն աշխատում է, որտեղ հնարավոր է, հնձում են: «Կարո՞ղ է մեր հացը թողնենք դաշտերում»,-ասաց չինարեցին:

 

Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը տեղեկացրեց, որ արդեն երկու օր է' գյուղում խաղաղ է և կրակոցներ չեն հնչել: «Փառք Աստծո, մենք հասցրեցինք գյուղատնտեսական աշխատանքներն իրականցնել և ցորենի բերքահավաքը հաջողությամբ ավարտվեց»,- ասաց նա: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն էլ հայտնեց, որ վերջին երկու օրը գյուղում խաղաղ է, իսկ մինչ այդ հնչած կրակոցներից հասցվել են միայն նյութական վնասներ: «Ինչպես մյուս սահմանամերձ գյուղերում, այստեղ ևս վնասվել են հիմնականում տների տանիքներն ու ապակիները»,- հավելեց նա:

 

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց. «Երեկ գիշեր կրկին սկսվեցին կրակոցները, որոնք դադարեցին միայն առավոտյան: Նյութական վնասներ, իհարկե, կան, սակայն վախի մթնոլորտ չկա: Բոլորս հավատում ենք մեր սահմանապահներին, մեր բանակին և վստահ ենք հայկական զինված ուժերի կարողության վրա»:

 

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գիշերվանից կրակում են: «Հիմա արդեն դիրքային կրակոցներ են: Մեր կողմից էլ նրանց պատասխանում են»,-ասաց գյուղապետը: Նա առաջարկում է անձամբ գնալ Մովսես ու ծանոթանալ մարդկանց տրամադրվածությանը:

 

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Տավուշի սահմանամերձ շրջաններում ամեն ինչ վերահսկելի է, զոհեր, վիրավորներ չկան, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված: