ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության
առնչությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից դեսպան Կասպշիկի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Առաջնագծերում մեծաթիվ միջադեպերի վերաբերյալ վերջին տեղեկությունները մտահոգության առիթ են տալիս: Յուրաքանչյուր կորուստ մեծ ողբերգություն է ընտանիքների և այլ մարդկանց համար: ԵԱՀԿ  գործող նախագահը և Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են այս հարցին օգոստոսի 2-ին արված իրենց հայտարարության մեջ»,- նշել է դեսպան Կասպշիկը:


Նա նաև ընդգծել է, որ շարունակելու է աշխատել կողմերի հետ իր մանդատի շրջանակներում, այդ թվում նաև ամենաբարձր մակարդակով' նպատակ ունենալով աջակցել լարվածության մեղմացմանը: «Ես և իմ թիմը շարունակելու ենք մշտադիտարկումները, որոնք կազմակերպվում են կողմերի հետ համագործակցությամբ, և որոնցից վերջինն անցկացվել է օգոստոսի 1-ին»,- ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:


Նրա ներկայացմամբ' յուրաքանչյուր մշտադիտարկման ընթացքում ԵԱՀԿ-ի թիմերը մոտենում շփման գծին կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին, տեղեկություններ ստանում համապատասխան կողմերից հրադադարի խախտումների մասին, ինչպես նաև այլ վայրերում տիրող ընդհանուր դրությանը, սակայն դիտարկումը կատարում են միայն մեկ կոնկրետ վայրում: ԵԱՀԿ դիտարոդները տեղական
հրամանատարներին հնարավորություն են տալիս նաև անդրադառնալու փողադարձ հետաքրքրություն ներկայացնող և լարվածության թուլացմանն ուղղված այլ հարցերի:


«Մշտադիտարկումների արդյունքները ներկայացվում են ԵԱՀԿ գործող ներկայացուցչին և Մինսկի խմբի անդամներին: Միջադեպերի մասին տեղեկությունները փոխանցվում են իմ գրասենյակից ԵԱՀԿ համապատասխան կառույցներին: Մենք հրապարակային մեկնաբանություններ չենք անում համապատասխան մշտադիտարկումների կամ դրանց արձանագրած արդյունքների վերաբերյալ:
Նմանատիպ որևէ լրատվական տեղեկատվություն հիմնված չէ իմ գրասենյակի տարամադրած տվյալների վրա»,- ամփոփել է դեսպան Անջեյ Կասպշիկը: