Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ, որի
ընթացքում ներկայացվել են զեկույցներ ղարաբաղա- ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերի, Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արցախի Հանրապետության տարածք դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի առնչությամբ:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխվավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Պաշտպանության
բանակի հրամանատարության եւ անձնակազմի գործունեությունը՝ ուղղված հակառակորդի առաջխաղացման փորձերը արդյունավետորեն կասեցնելուն, որի հետեւանքով վերջինս, կրելով մեծ կորուստներ, նահանջեց ելման դիրքերը:

 

Բակո Սահակյանի գնահատմամբ՝ Պաշտպանության բանակի գործողությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին եւ հայրենասիրությունը: Նախագահը նաեւ երախտագիտություն է հայտնել առաջին գիծ մեկնած Արցախյան ազատամարտի վետերաններին՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ Արցախի ազատամարտիկների միության կատարած աշխատանքը:


Բակո Սահակյանը ցավով նշեց, որ Հայրենիքի պաշտպանության ժամանակ եղան զոհեր, եւ ցավակցություն հայտնեց մարտիրոսված զինծառայողների հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ:
Լսելով պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի զեկույցը իրականացված գործողությունների, ներկայումս տիրող իրավիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ՝ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել Պաշտպանության բանակի հրամկազմին:

 

Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից առաջնագծում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՝ միաժամանակ նշելով, որ պաշտոնական Ստեփանակերտը եղել է եւ շարունակում է մնալ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից: