«Հայ դատ»-ի Ավստրալիայի հանձնախումբը այդ երկրի կառավարությունից պահանջել է Ադրբեջանին դիմել զսպվածության կոչով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփին հղած նամակում Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը կոչ է անում առանձին հայտարարությամբ ստիպել Ադրբեջանին նվազեցնել թշնամանքը շփման գծում' արագորեն վերջ տալ բռնություններին և մարդկային անիմաստ կորուստներին:

 

«Ադրբեջանը պետք է շարունակական երկխոսության մեջ մտնի ԵԱՀԿ-ի, Հայաստանի և Լեռնայի Ղարաբաղի իշխանությունների հետ' ապահովելու այս հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասվում է նամակում: Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ պետքարտուղարությունը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունն իրենց մտահոգությունն են հայտնել սահմանային միջադեպերի և բռնությունների ավելացման կապակցությամբ: