Թուրքիայի տարբեր ընտրատեղամասերում բացված քվեատուփերի 99.05 տոկոսի արդյունքներով երկրում նախագահական ընտրությունների միանձնյա առաջատարն «Արդարդություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, ներկայիս վարչապետ Էրդողանիօգտին է քվեարկել 20 միլիոն 533 հազար 166 մարդ, այսինքն քվեարկողների 51. 71 տոկոսը:
Ընդդիմության առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուի և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշի օգտին քվերակել են համապատասխանաբար 15 միլիոն 311 հազար 386 (38.56 տոկոս) և 3 միլիոն 860 հազար 887 (9.72 տոկոս) մարդ:
Թուրքիայի' ընտրելու իրավունք ունեցող 52 միլիոն 920 հազար 985 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 40 միլիոն 443 հազար 183-ը:
Ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Էրդողանն արդեն իսկ հանդես է եկել ելույթով, որում շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկածներին' հայտարարելով, թե «իր հաղթանակով երկրում մեկ անգամ ևս հաղթանակեց ժողովրդավարությունը»: