Ադրբեջանը Եվրամիության հետ հարաբերություններին ոչ թե գործնական, այլ «փիլիսոփայական» մոտեցում է ցուցաբերում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման հայտարարություն EU Reporter-ի հետ հարցազրույցում արել է ԵՄ-ում ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ֆուադ Իսկանդերովը:

 

«Ադրբեջանը համաձայնել է փոխառել եվրոպական փորձը, սակայն չի համաձայնել, որ իրեն դասեր տան»,- հոխորտացել է դեսպան Իսկանդերովը' անդրադառնալով Ադրբեջանում իրավապաշտպանների հանդեպ բռնաճնշումների վերաբերյալ ԵՄ պաշտոնյաների բավականին կոշտ հայտարարություններին:

 

Իսկանդերովն ինքը խոսում է Ադրբեջան-ԵՄ հարաբերություններում առաջացած բազմաթիվ խնդիրների մասին' դժգոհելով, որ ԵՄ պաշտոնյաները մշտապես ցանկանում են «ինչ-որ բացասական» երագներ գտնել այդ հարաբերություններում:

 

2013թ-ի հուլիսից առ այսօր ԵՄ պաշտոնյաներն արդեն իննը հայտարարություն են արել, որտեղ բացասական են կանխատեսում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

 

Այս փաստն ընդունում է նաև Ադրբեջանի դեսպանը: «Նրանք բոլոր շատ քննադատական են և նվիրված հիմնականում ներքին հարցերին' միաժամանակ չկա որևէ փաստաթուղթ, որը հաստատեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- խոստովանում է Իսկանդերովը:

 

Վերջին շրջանում ԵՄ պաշտոնյաները բազմաթիվ քննադատական հայտարարություններ են արել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, իրավապաշտպանների ու լրագրողների հանդեպ հալածանքների վերաբերյալ: