Այսօր առավոտյան Ապշերոնի շրջանի Նովխանը ավանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի ենթասպա Նիջաթ Բաբազադեն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը:

 

Նշվում է, որ ավտոմեքենան, որը վարել է 25-ամյա Նիջաթ Բաբազադեն, մոտ ժամը 08:14-ին բախվել է մի այլ ավտոմեքենայի: Երիտասարդ ենթասպան տեղում մահացել է: Փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 87 զինծառայող, որոնցից 46-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 118 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

 

Ադրբեջանի պատկան մարմինները խոստովանել են տարվա սկզբից 70 զինծառայողների մահվան մասին, որոնցից 39-ը մահացել են ոչ մարտական գործողությունների պայմաններում: