Գյումրեցի մի խումբ երիտասարդներ օրերս սահմանը պաշտպանող հայ զինվորին աջակցելու նախաձեռնությամբ մեկնել էին դիրքեր: Հայրենիքի հանդեպ իր զինվորական պարտքը կատարելուց հետո, «Եղնիկներ»-ից մեկ ամիս առաջ զորացրված Հայաստանի պետական համալսարանի ուսանող Ռոբերտ Նազարյանն ու Հայաստանի պետական համալսարանի շրջանավարտ Ռոբերտ Սուքիասյանը իրենց ընկերների հետ իմանալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ շփման գծում հակառակորդի կողմից հրադատարի պահպանման ռեժիմի խախտման և դիվերսիոն վերջին հարձակումների մասին՝ որոշում են սեփական նախաձեռնությամբ դրամահավաք կազմակերպել: Գյումրու Ն.Ռիժկովի ճեմափողոցում և Թատերական հրապարակում եռօրյա, ինչպես նաև Երևանում երկօրյա դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարի շրջանակում երիտասարդները գնում են ծխախոտ, քաղցրավենիք, միրգ և անձամբ տանում Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի զորամասերի զինվորներին: Ի դեպ, Տավուշի մարզի Բերդ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող այս Ն զորամասի զինվորներին և հրամանատարներին է վստահված 83 կմ երկարությամբ սահմանը:
Երիտասարդներին միացած միակ աղջիկը՝ Նազիկ Նիկոլյանը «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ չէր կարողանում թաքցնել իր ոգևորությունը: «Զինվորն ամեն ինչ այնտեղ ունի: Մեր զինվորն այսօր ոչ մի բանի կարիքը չունի: Ես իմ աչքով տեսա, որ թե՛ սնունդը և թե՛ հրամանատարների աջակցությունն ու հոգատարությունը շատ լավ էին: Հայ զինվորի կողքին նաև հայ հոգևորականն է: Զինվորների հետ նույնիսկ ճաշեցինք, եւ ասեմ, որ շատ համեղ էր: Այս նախաձեռնությունը, որ մենք ձեռնարկեցի նք, մեկ նպատակ էր հետապնդում ՝ ասել, որ զինվորը մենակ չէ՝ ժողովուրդն իր հետ է: Ուզեցինք նաև ցույց տալ, որ ցանկացած պահի, անհրաժեշտության դեպքում, նրանց կողքին կլինենք»,-նշեց Նազիկ Նիկոլյանը:
Այն, որ նախաձեռնությունը միայն զնվորին հոգեբանորեն աջակցելն էր, վստահեցրեց նախաձեռնության հեղինակներից Ռոբերտ Նազարյանը. «Մենք որևէ կուսակցության կամ կազմակերպության անդամ չենք, պարզապես, լսելով սահմանում տիրող իրադրության մասին, որոշեցինք ընկերներով աջակցել առաջին գծում կանգնած զինվորներին ու իրենց գիտակցության մեջ ամրապնդենք թիկունքի աջակցության գաղափարը. թող զգան, որ թիկունքն իրենց կողքին է, եւ իրենք մոռացված չեն: Այնտեղ զինվորն ամեն ինչ ունի, բայց այս հոգեբանական աջակցությունը պետք էր, ինչը զգացվեց զինվորներ ի և հրամանատարների ջերմ ընդունելությունից, իրենց ոչ այնքան ծխախոտն ու քաղցրավենիքն էր պետք, այլ ուշադրությունը, եւ մենք մեր նպատակին հասանք»,-նշեց Ռոբերտ Նազարյանը' վստահեցնելով, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի: